Բաժիններ՝

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները համաձայնեցին բանակցություններ սկսել կառավարության ձևավորման շուրջ. Bild

Ութ ժամ տեւած բանակցություններից հետո Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել երկրի կառավարության ձեւավորման շուրջ: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Bild գերմանական թերթը:

«ԳՍԴԿ-ն համոզված է, որ հարկավոր է երկխոսել: ԳՍԴԿ-ն իր համար չի փակել բանակցությունները»,-թերթը մեջբերել է կուսակցության գլխավոր քարտուղար Հուբերտուս Հայլի խոսքը: Ընդսմին Քրիստոնեադեմոկրատական միության եւ Քրիստոնեասոցիալական միության դաշինքն ընդգծել է, որ սոցիալ-դեմոկրատների համար դռները բաց են:

Նախօրյակին ԳՖՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպում է անցկացրել ԳՍԴԿ-ի առաջնորդ Մարտին Շուլցի հետ:

Հայլի խոսքով՝ կուսակցությունն սպասում է եկող շաբաթ խմբակցությունների ղեկավարների հետ Շտայնմայերի բանակցությունների արդյունքներին եւ երկրի նախագահի հետագա առաջարկություններին:

Ավելի վաղ կառավարության ձեւավորման շուրջ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, ազատ դեմոկրատների եւ «կանաչների» միջեւ կայացած բանակցությունները հաջողություն չեն ունեցել:

Սեպտեմբերի 24-ին կայացած ընտրությունների արդյունքում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ԳՖՀ-ի խորհրդարանում ստացել է 246 տեղ, ԳՍԴԿ-ն՝ 153, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը՝ 94, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 80, «Ձախերը»՝ 69, «կանաչները»՝ 67 մանդատ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս