Թբիլիսիում մեղադրանք են առաջադրել հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվածին
Թբիլիսիում նոյեմբերի 22-ին իրականացված հակահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել է “Грузия Online” հրատարակությունը:
«Մեղադրանքն առաջադրվել է արտասահմանյան ակաբեկչական կազմակերպությանը միանալու եւ ահաբեկչական գործունեության մեջ վերջինիս օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ ահաբեկչության նպատակով ապօրինի հրազեն, ռազմամթերք, պայթանյութեր եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար»,- մեջբերում է “Грузия Online”-ը դատախազության հայտարարությունից: Նրա տվյալներով՝ դա ենթադրում է 10-ից մինչեւ 17 տարի ժամկետով ազատազրկում: Ավելի վաղ ձերբակալվածի փաստաբան Իմեդա Կարկաշաձեն հայտնել է, որ իր պաշտպանյալն ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Կասկածյալի անունը չի հրապարակվում:
Նոյեմբերի 22-ի երեկոյան Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է հանցավոր խմբի մեկ անդամի ձերբակալման եւ երեքի ոչնչացման մասին, որոնք Վրաստանի քաղաքացիներ չեն: Գործողության ընթացքում ուժայինների կորուստները կազմել են մեկ սպանված եւ չորս վիրավոր: Ավելի ուշ երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ խոսքը վերաբերում է «միջազգային ահաբեկչության փաստի», եւ հատուկ գործողության հետաքննութունը վարվում է նաեւ այլ երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: