Բաժիններ՝

H&M-ը տարեկան մի քանի տոննա նոր հագուստ է այրում Շվեդիայում. SVT

Հագուստի արտադրության եւ վաճառքի H&M շվեդական ընկերությունն ամեն տարի մի քանի տոննա նոր հագուստ է այրում Շվեդիայի մունիցիպալ ջեռուցման համակարգերում: Այդ մասին հայտնել է SVT շվեդական հեռուստատեսությունը լրագրողական ուսումնասիրություն անցկացնելուց հետո։

Հեռուստաալիքը նշում է, որ, 2016 թվականի տվյալներով, ընկերությունն այրել է 19 տոննա հագուստ, ինչը կրկնակի ավելի է, քան հարեւան Դանիայում, որտեղ ավելի վաղ համանման հետազոտություն է անցկացրել TV2 դանիական ալիքը եւ պարզել, որ ընկերությունն անցյալ տարի երկրում այրել է 9,6 տոննա նոր հագուստ:

Շվեդական հեռուստատեսությունը պարզաբանում է, որ հագուստները վերջին հինգ տարում այրվում են որպես գաղտնի թափոններ: H&M-ում պարզաբանել են, որ այրվում են միայն այն հագուստները, որոնք տուժել են տեղափոխությունից, ջրից եւ բորբոսից կամ քիմիական նյութերի բարձր պարունակության պատճառով:

Շվեդական հեռուստատեսությունն ուսումնասիրության կապակցությամբ հիշեցնում է, որ ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, թե երկու տարի անց՝ մինչեւ 2020 թվականը, կդադարեցնի առողջության համար վտանգավոր քիմիական նյութերի օգտագործումը, բայց դրանց շարունակվող օգտագործումը հարուցում է իշխանությունների անհանգստությունը: «Առաջին հարցը, որն ինձ մոտ առաջանում է, այն է, թե ինչու է արտադրանքի մեջ քիմիական նյութերի պարունակությունն այնքան բարձր, որ դրանք հնարավոր չէ վաճառել»,-SVT-ին ասել է Շվեդիայի շրջակա միջավայրի նախարար Կարոլինա Սկուգը:

Հեռուստատեսությունը նշում է, որ ընկերությունը հագուստն այրում է ոչ միայն Շվեդիայում, այլեւ ուրիշ երկրներում, որտեղ H&M-ն ներկայացված է: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դժվար է հասկանալ ընկերության տրամաբանությունը, եթե հաշվի առնենք, որ մեկ զույգ ջինսի արտադրությունը հանգեցնում է ավելի քան 9 կիլոգրամ ածխաթթվային գազի արտանետումների, մոտավորապես 20 հազար լիտր ջրի օգտագործման եւ այնպիսի արտանետումների, որոնք կարող են աղտոտել 700 հազար լիտր ջուր եւ հանգեցնել այդ ջրում ապրող բազմաթիվ կենդանի օրգանիզմների մահվան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս