Air China ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները ԿԺԴՀ. Sina
Air China առաջատար չինական ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Պեկինից ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փենյան իրականացվող թռիչքները: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Sina տեղեկատվական պորտալը:
Նշվում է, որ նման որոշում է ընդունվել «առեւտրային գործունեության իրականացման առումով ստեղծված ոչ դյուրին իրադրության կապակցությամբ»: «Այդ ուղղությամբ ավիաթռիչքները կվերսկսվեն ապագայում՝ կախված շուկայի իրադրությունից»,- ասված է ավիաընկերության պարզաբանման մեջ:
Չինական ավիափոխադրողն ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 5-ն արդեն դադարեցրել էր այդ ուղղության ուղեւորափոխադրումների սպասարկումը:
Air China-ն չինական միակ ավիաընկերությունն է, որն օդային հաղորդակցություն է իրականացնում ԿԺԴՀ-ի հետ: Աննշան ուղեւորահոսքի պատճառով առանձին չվերթեր երբեմն հարկ է եղել չեղարկել նաեւ ավելի վաղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: