Բաժիններ՝

«Այսօր վիրուսային շնչական վարակներ ունենք, բայց գրիպ չունենք Հայաստանում». գլխավոր ինֆեկցիոնիստ

«Հիմա այնպիսի շրջան է, որ ամառային վարակները նվազում են, իսկ ձմեռայինները՝ դեռ չեն սկսվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կա, թեթևակի վիրուսներ են, բայց, համենայն դեպս, գրիպ չունենք. «Մենք այսօր գրիպ, որպես այդպիսին, չունենք Հայաստանում: Վիրուսային շնչական վարակներ ունենք, բայց գրիպ չունենք:

Մեր այն հարցին, թե այդ վիրուսային շնչական վարակների առումով ի՞նչ վիճակ է՝ Ա. Ասոյանն այսպես պատասխանեց. «Որ գաք այստեղ, հիվանդանոցի հիվանդների քանակը տեսնեք, կտեսնեք, որ որևէ վտանգավոր վիճակ չէ: Ծանր դեպքեր չկան, վտանգավոր իրավիճակ չէ: Ամառայինն արդեն վերջանում է, ձմեռայինը դեռ չի սկսվել: Ձմեռայինները մեզ մոտ սկսվում են այն ժամանակ, երբ կլսեք, որ Ռուսաստանի որևէ մարզում սկսվել է գրիպի համաճարակ, այդ վատ բաները մեզ մոտ այնտեղից են գալիս, բայց առայժմ այնտեղ էլ չկա»:

Հարցին էլ, թե հնարավո՞ր չէ խուսափել դրանից, ի՞նչ պետք է արվի, որ այստեղ էլ չտարածվեն այդ վիրուսները՝ Ա. Ասոյանը պատասխանեց, որ բավական դժվար է նման վարակներից խուսափելը. «Անհնար չէ, բայց շատ դժվար է, դրա համար ինքը շատ արագ է տարածվում»:

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը վստահեցրեց, որ այս պահին որևէ անհանգստացնող իրավիճակ չունենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս