Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների օգտին. հարցում
Գերմանիայի՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների անցկացման օգտին այն բանից հետո, երբ ձախողվեցին բանակցությունները Քրիստոնեադեմոկրատական միություն/ Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքի, Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «կանաչների» մասնակցությամբ կառավարող կոալիցիայի շուրջ:
Այդ մասին վկայում են NTV եւ RTJ հեռուստաալիքների պատվերով Forsa սոցինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 20-ին: Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 45 տոկոսն արտահայտվել է նոր ընտրությունների անցկացման օգտին:
Հարցման մասնակիցների 27 տոկոսը ցանկացել է Գերմանիայում ձեւավորել այսպես կոչված մեծ կոալիցիա՝ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասնակցությամբ, 24 տոկոսն անհրաժեշտ է համարում փոքրամասնության կառավարության ստեղծումը: Հարցումը ցույց է տվել, որ եթե բանը հասնի նոր ընտրությունների անցկացմանը, դրանց արդյունքում ուժերի հարաբերակցությունն զգալիորեն չի փոխվի: Ընդ որում Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (49 տոկոսը) կնախընտրեր կանցլերի պաշտոնում վերստին տեսնել Անգելա Մերկելին: Ուսումնասիրությանը մասնակցել են ձայնի իրավունք ունեցող ավելի քան 1,7 հազար գերմանացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: