Սպասք լվանալն ազդում է մարդու առողջության վրա

Ամենօրյա թեթեւ ֆիզիկական վարժությունները, որոնց կարելի է դասել վազքը եւ տնային պարտականությունների կատարումը, դրականորեն են ազդում կյանքի տեւողության վրա: Այդ մասին ամերիկացի բժիշկները գրել են աշխատության մեջ, որը հրապարակված է Journal of the American Geriatrics Society հանդեսում:

Ուսումնասիրությանը մասնակցել են 65-ից մինչեւ 99 տարեկան 6 հազար կանայք: Գիտնականները մեկ շաբաթ ֆիթնես-թրեքերների օգնությամբ հետեւել են նրանց ֆիզիկական ակտիվությանը, ինչից հետո բժիշկները կանանց առողջական վիճակը դիտարկել են հաջորդ երեք տարվա ընթացքում: Ստացված արդյունքների համաձայն, ֆիզիկական ակտիվությանը օրական առնվազն 30 րոպե հատկացրած մարդկանց մահացությունը 12 տոկոսով պակաս է եղել, քան այն կանանց շրջանում, ովքեր առավելապես նստակյաց կենսակերպ են վարում:

Ամենօրյա բեռնվածությունը մինչեւ մեկ ժամ ավելացնելը մահվան հավանականությունը նվազեցրել է 39 տոկոսով: Գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվություն հասկացության մեջ մտնում են տնային պարտականությունները, այդ թվում՝ տունը մաքրելը եւ աման լվանալը, ինչպես նաեւ զբոսանքները թարմ օդում: «Երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ նման գործունեությունը բավարար չէ առողջ լինելու համար: Բայց այժմ մենք ապացույց ունենք, որ նույնիսկ թեթեւ բեռնվածությունը կանանց համար նվազեցնում է հաջորդ երեք կամ չորս տարիներին մեռնելու հավանականությունը»,- ասել է հետազոտության ավագ մասնագետ Անդրեա Լակրուան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս