Հունական Ատտիկայում եղանակի պատճառով փակել են բոլոր դպրոցները
Հունաստանի Ատտիկայի նահանգի ղեկավար Ռենա Դուրուն կարգադրել է եղանակի պատճառով նոյեմբերի 17-ին փակել երկրի մայրաքաղաքային տարածաշրջանի բոլոր դպրոցները: Նահանգապետի որոշումը հրապարակվել է նոյեմբերի 16-ի երեկոյան:
Հունաստանում մի ամբողջ շաբաթ է՝ հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք հեղեղումների պատճառ են դարձել: Ատտիկայում նոյեմբերի 15-ին տարերքի զոհ է դարձել 16 մարդ:
«Էքստրեմալ եղանակային երեւույթների պատճառով եւ հանուն սովորողների անվտանգության Ատտիկայի նահանգապետը կրթության նախարարույթան հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ վաղը Ատիիկայի բոլոր դպրոցները փակ կլինեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուսումնական պարապմունքները չեղարկված են տարրական եւ միջնակարգ կրթության դպրոցներում: Պիրեյում փակ կլինեն նաեւ մանկապարտեզները: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել. շենքերի վրա խոնարհված են պետական դրոշները, չեղարկվել են հասարակական միջոցառումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: