Պուչդեմոնն արտահանձնման դեպքում կկարողանա ընտրել մենախցի և ընդհանուր խցի միջև. La Vanguardia
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի արտահանձնման շուրջն ունկնդրումների մեկնարկի նախաշեմին Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը պատասխան է տվել պիրենեյան թագավորությունում բանտերի վիճակի վերաբերյալ Բելգիայի դատախազության հարցմանը:
Պատասխանում ասված է, որ Իսպանիա արտահանձնման եւ հետագա ազատազրկման դեպքում քաղաքական գործիչը կկարողանա ընտրել մենախուցը կամ էլ այն բաժանել իր զինակիցների հետ: Նոյեմբերի 16-ին այս մասին գրել է La Vanguardia թերթը։
Թերթի տվյալներով՝ Կատալոնիայի նախկին ղեկավարին պահելու պայմանների մասին խոսվում է 15 էջից բաղկացած փաստաթղթում, որն ուղարկվել է Բելգիայի դատախազությանը: Պուչդեմոնին կպահեն «էստրեմերա» բանտում, որտեղ այս պահին կալանքի տակ են գտնվում Կատալոնիայի կառավարության այլ նախկին անդամներ:
Սպասվում է, որ Պուչդեմոնը եւ Կատալոնիայի կառավարության չորս նախկին անդամներ նոյեեմբերի 17-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) կսկսեն ցուցմունքներ տալ Բրյուսելի դատարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: