Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ Հայաստանը ֆրանսիական ընկերությունների համար կարող է լինել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ դուրս գալու լավագույն հարթակը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել ներդրումային ծրագրերի իրականացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում և երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կիսում է վարչապետ Կարապետյանի կարծիքը երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական կապերի ակտիվացման վերաբերյալ: Ժոնաթան Լաքոտն ավելացրել է, որ արդեն իսկ այցելել է Հայաստանում գործող ֆրանսիական տարբեր ընկերություններ, որոնք հաջող գործունեություն են ծավալում: Դեսպանի խոսքով, ֆրանսիական տարբեր ընկերություններ նույնպես հետաքրքրված են հայկական շուկա մուտք գործելու, մասնավորապես, թափոնների կառավարման, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ՏՏ և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում: Դեսպան Լաքոտը նշել է, որ տպավորված է ՏՏ բնագավառում Հայաստանի ներուժով և նկատել, որ այս ոլորտում ևս համագործակցության հնարավորություններ կան:

Զրուցակիցները կարևորել են նաև գործարար համաժողովների անցկացումն ու բիզնես շրջանակներին մեր երկրի ներդրումային գրավչության ներկայացումը:

Կարեն Կարապետյանը և Ժոնաթան Լաքոտն անդրադարձել են նաև 2018 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի նաև Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջև ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական կապերի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս