«ԼՂ հակամարտության կարգավորման առանձին ծրագրերի մասին խոսում է միայն Ադրբեջանը». Զատուլին
«Ռուսական կողմն անելու է ամեն ինչ՝ բանակցային գործընթացն ակտիվացնելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին և դրա օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա տեղեկացրել է, որ բացի Նալբանդյանի հետ հանդիպումից՝ Լավրովը կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Լավրովի այցն իրականացվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանական տարում:
Երկու երկրների նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև՝ հայկական փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված այս նշանակալի պատմական իրադարձություններին»,- հայտնել է Զախարովան:
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև նախատեսվում է ստորագրել 2018-2019 թվականների խորհրդակցությունների ծրագիր: Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված են երկու երկրների միջև համագործակցության լայն համալիրը, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:
«Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում և՝ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասել էր ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Սերգեյ Լավրովը չի գործում ԵԱՀԿ ՄԽ-ից առանձին: Կոնստանտին Զատուլինն ասաց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտապես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներքաշելու ցանկություն ունի Ադրբեջանը:
Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում շարունակել ավանդական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որի մասին օրերս խոսեցին և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը պետք է Մոսկվայում հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Սակայն, նրա վստահեցմամբ՝ նման առանձին ծրագրեր չկան: Ավելին, Զատուլինի կարծիքով՝ կարգավորման համար հիմքեր չկան, քանի որ բանակցություններից դուրս է մնացել Արցախը, առանց որի հնարավոր չէ բանակցել լուրջ հարցերի շուրջ:
«Բանակցային գործընթացում ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, այդ սխալի հետևանքով այսօր չափազանց բարդացել է հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ բանակցությունները՝ առանց Արցախի, վերաբերելու են միայն շփման գծում տիրող իրավիճակին և թույլ չեն տալու, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Բայց այդ սխալը պետք է ուղղվի կարգավորման համար»,- ասաց Զատուլինը:
Վերջինիս համոզմամբ՝ նման ծրագրեր չեն կարող լինել, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի համար այլ վստահելի և հեռանկարային գործընկեր չկա: Նրա խոսքով՝ երկու երկրներին շատ բան է կապում, բացի երկկողմ հարաբերություններից, ամուր կապեր ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միացյալ համակարգով են կապված:
Նա ընդունում է, որ հայաստանյան փորձագիտական հանրությունը, հասարակությունը մտահոգություններ են ունեցել Ղարաբաղյան հարցում ռուսական քաղաքականության վերաբերյալ, սակայն ապրիլյան պատերազմից հետո, ըստ նրա՝ ռուսական կողմը քայլեր է իրականացրել այդ կարծիքը հիմնովին փոխելու համար: «ՌԴ-ն Հայաստանին վերազինել է այլ պայմաններով, միացյալ զորախումբ է ձևավորել, այս ամենը խոսում է երկու երկրների բարձր մակարդակի վստահելի հարաբերությունների մասին»,- ասաց Զատուլինը:
Ուստի, ըստ քաղաքական գործչի՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգը լինելու է այնպիսին, ինչպիսին հայտարարվում է: Սակայն, Զատուլինի համոզմամբ՝ անդրադարձ ԼՂ հակամարտությանը լինելու է: «Ռուսական կողմը փորձելու է անել ամեն բան բանակցային գործընթացն ակտիվացնելու համար»,- նկատեց նա: