ՌԴ Պետդուման պահանջում է, որ օտար լրատվամիջոցները գրանցվեն որպես «օտար գործակալ»
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատեց մի օրինագիծ, որի համաձայն օտար լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես «օտար գործակալ»։ Որոշումը կայացվել է որպես հակադարձ քայլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության այն պահանջի, որի համաձայն Կրեմլի աջակցությունը վայելող RT հեռուստակայանը Միացյալ Նահանգներում պիտի գրանցվի որպես «օտար գործակալ»։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ռուսաստանի օրենսդիրները չորեքշաբթի օրը քվեարկեցին 2012 թվականին ընդունված օրենքի ուժը երկարաձգելու օգտին, որով ոչ կառավարական կազմակերպությունների մեջ են մտնում նաեւ օտար երկրների մամուլի ծառայությունները։ Որպես օտար գործակալ հանդես գալու հանգամանքը պահանջում է, որ օտարերկրյա մամլո ծառայությունները պարբերաբար ներկայացնեն իրենց ֆինանսական միջոցների, իրենց ֆինանսավորման աղբյուրների ու անձնակազմի մասին մանրամասնություններ։
Օրինագիծը չի ներկայացնում այն լրատվամիջոցների ցանկը, որոնք պիտի ենթարկվեն այս օրենքին։ Սակայն այն կարող է առաջին հերթին կիրառվել ընդդեմ ամերիկյան այն լրատվամիջոցների, որոնք ստանում են պետական ֆինանսավորում։ Դրանք են «Ամերիկայի Ձայն»-ը եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը։ Այս ցանկում հավանաբար կհայտնվեն նաեւ մասնավոր ֆինանսավորմամբ գործող CNN-ն ու գերմանական հանրային «Դոյչե Վելլե»-ն։
Պետական Դումայի նախագահն ասել է, թե այն օտար լրատվամիջոցները, որոնք կհրաժարվեն գրանցվել որպես օտար գործակալ, ըստ այս օրենքի կզրկվեն Ռուսաստանում իրենց գործունեությունը շարունակելու իրավունքից։
Ռուսաստանում ընդունված այս օրինագծի տեքստը շատ վերացական է, ինչը կարող է թույլ տալ, որ այն կիրառվի օտար որեւէ լրատվամիջոցի նկատմամբ, հատկապես, եթե տվյալ լրատվամիջոցը հակասություններ ունի Կրեմլի հետ։ Դրան հակառակ, ԱՄՆ-ում ընդունված օրենքը տարածվում է միայն պետական ֆինանսավորում ստացող ընկերությունների վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում՝ RT-ի նկատմամբ նման որոշում էր կայացվել այն մեղադրանքների պատճառով, որոնց համաձայն այս կայանն ամերիկացի ընտրողների վրա ազդելու քարոզարշավ էր իրականացրել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։
«Amnesty International» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե Դումայի կողմից հաստատված օրինագիծն ի վերջո վերածվի օրենքի, մեծ հարված կհասցնի Ռուսաստանում մամուլի ազատությանը։
Այս օրինագիծն օրենքի վերածվելու համար այն պիտի նախ հաստատվի Սենատի կողմից, ապա՝ դրվի նախագահ Պուտինի սեղանին։