ԵԽԽՎ-ում «ադրբեջանական լվացքատան» թեման քննարկվի առանձին զեկույցով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի հանձնաժողովում անդրադարձ է կատարվել փողերի լվացմանը, այդ թվում`«ադրբեջանական լվացքատանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Փարիզում տեղի են ունեցել ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների, ինչպես նաև մոնիթորինգի հանձնաժողովի նիստերը։ Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում էր փողերի լվացմանը, այդ թվում` «ադրբեջանական լվացքատանը»: Հատկանշական է, որ հենց Իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այն կդառնա ինքնուրույն զեկույց»,-նշել է Հովհաննիսյանը:

Նաև հավելել է, որ Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովում ԵԽԽՎ համազեկուցողները բանավոր կարգով ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն այս ժամանակահատվածում, իսկ Հայաստանին վերաբերող զեկույցը կքննարկվի հաջորդ նստաշրջանների ընթացքում։

Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև երկու զեկույցներ, որոնք վերաբերում էին իսլամական պետության ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցության հետևանքներին։

Բացի այդ, հանձնաժողովում ամփոփվել են նաև Ստրասբուրգում տեղի ունեցած «Արդյո՞ք պոպուլիզմը խնդիր է» թեմայով ֆորումի արդյունքները։

«Հետաքրքրական է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ այն կարծիքի էին, որ պոպուլիզմին նպաստող հանգամանք է նաև նոր և այլընտրանքային մեդիայում պատասխանատվության չկարգավորվածության հարցը։ Այս առումով, թերևս պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից շրջանառվելու և ներկայացվելու է զեկույց, որը առաջարկելու է անդամ պետություններին կարգավորել ինտերնետում և էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը։ Նախաձեռնության հեղինակն է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունից Լորդերի պալատի ներկայացուցիչը»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս