Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի
Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 530-ի: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 445 մարդու զոհվելու մասին:
Երկրաշարժն զգացվել է հանրապետության յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել: Տուժածների թիվը գերազանցել է 7 հազարը: Շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանում մեկը մյուսի հետեւից երկու հզոր ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 7,2 եւ 7,3 մագնիտուդով: Գրանցվել են մինչեւ 4,9 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ: Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է յոթ զոհվածների եւ ավելի քան 530 տուժածների մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով է տուժել երկրաշարժից: Ինչպես հայտարարել է նախագահը, «կառավարությունը եւ զինված ուժերն իրենց բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները գործի կդնեն տարածաշրջանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ բնականոն կյանքին բնակիչների վերադարձին օժանդակելու համար»:
Նոյեմբերի 14-ն Իրանում սգո օր է հայտարարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: