Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխությունների մասին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 13-ին հայտարարել է կառավարության արմատական կառուցվածքային եւ նրա կազմի կադրային փոփոխությունների մասին, տեղեկացնում է Sputnik-ը:

Փոփոխությունների համաձայն, կառավարական գերատեսչությունների թվաքանակը 18-ից կրճատվում է մինչեւ 14. լուծարքի են ենթարկվում էներգետիկայի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ եվրոպական եւ եվրատլանյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը: Այդ գերատեսչությունների գործառույթները կդրվեն այլ նախարարությունների վրա:

Մասնավորապես, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը նաեւ կզբաղվի էներգետիկայի եւ բնապաշարների ճյուղերով: Այդ գերատեսչությունը կգլխավորի ֆինանսների գործող նախարար Դմիտրի Կումսիշվիլին, որին այդ պաշտոնում կփոխարինի «Վրաստանի երկաթուղու» գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը նաեւ կզբաղվի շրջակա միջավայրի պահպանությամբ: Այդ գերատեսչությունը կղեկավարի գյուղատնտեսության նախարարության գործող ղեկավար Լեւան Դավիթաշվիլին: Սպորտի ոլորտն այժմ կվերաբերի մշակույթի նախարարությանը, իսկ երիտասարդության հարցերով կզբաղվի կրթության նախարարությունը: Եվրաինտեգրացման պետնախարարի լուծարված աշխատակազմը կդառնա արտաքին գործերի նախարարության բաղկացուցիչ մասը:

Բացի այդ, Վրաստանի նախարարների կաբինետում կատարվել են կադրային վերադասավորումներ. իրենց պաշտոնները կորցրել են ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, ինչպես նաեւ կրության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:

Նոր գործառույթներով կրթության նախարարությունը կգլխավորի Թբիլիսիի պետհամալսարանի պրոռեկտոր Միխայիլ Չխենկելին, իսկ ՆԳ նախարարության ղեկավարը կլինի Գեորգի Գախարիան, որը էկոնոմիկայի նախարարության գործող ղեկավարն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս