«Արցախյան խնդրի լուծման ամենալավ ճանապարհը բոլոր երկրների կողմից Արցախի ճանաչումն է». Արմեն Աշոտյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ Արցախյան խնդրի լուծման ամենալավ ճանապարհը բոլոր երկրների կողմից Արցախի ճանաչումն է: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Աշոտյանը, ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել:
«Ի՞նչ անել այս պահին՝ միջազգայնացնել Արցախը՝ ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների և ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը: Մենք պետք է կարողանանք սեկտորալության միջոցով Արցախը ներառել համաշխարհային նախագծերի ու գործընթացների մեջ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտությունը եղել և մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը, սակայն, եթե 1988-ի փետրվարին Արցախյան շարժումն աշխարհում դիտվում էր՝ որպես դեմոկրատական շարժում՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի, ապա այժմ աշխարհը փոխվել է, առավել ևս՝ ունի իր սեփական, բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, և աշխարհը դարձել է ավելի ցինիկ:
«Հետևաբար՝ խորհրդարանական դիվանագիտությունն այս առումով պետք է նախաձեռնողական լինի»,- նկատեց նա: