«Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին համայն հայությունը ձեր կողքին է, և այդպես է լինելու մշտապես». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում և կարևորել միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջև՝ ընդգծելով, որ ինչ ձևաչափով էլ դրսևորվի փոխգործակցությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստեր, ԱԺ մշտական հանձնաժողովների պարբերաբար անցկացվող համատեղ նիստեր կամ պատգամավորական խմբերի շփումներ, դա, ամեն դեպքում, լավագույն ձևն է միմյանց միջև տեղեկատվություն փոխանակելու և ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ և այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և որ մեր կամքն անբեկանելի է: Այս ճանապարհին, իհարկե, շատ կարևոր հանգրվան էր ընթացիկ տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ չկա խզվածություն Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունների և ժողովրդի միջև, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն մեր բոլոր քաղաքացիները, այլև համայն հայությունը ձեր կողքին է, և այդպես է լինելու մշտապես»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանականների քննարկումների արդյունքներն անհրաժեշտ է պարբերաբար հասցնել նաև երկու հանրապետությունների քաղաքացիներին, քանի որ, ըստ Նախագահ Սարգսյանի, մենք ամուր ենք, լավատես ենք, հաստատակամ ենք, եթե մեր քայլերը համահունչ են մեր ժողովրդի ցանկությանը:

Արցախի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ ՀՀ ԱԺ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության նիստերի շրջանակում Հանրապետության Նախագահի մոտ ավանդաբար հյուրընկալվելը շատ կարևոր է խորհրդարանականների համար, քանի որ նման հանդիպումները լավ հնարավորություն են համագործակցության օրակարգից բացի անդրադառնալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդիական թեմաներին, համահայկական նշանակության խնդիրներին: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Արցախ այցերի ժամանակ ևս խորհրդարանականների հետ հանդիպման առիթը բաց չթողնելու՝ Հայաստանի Նախագահի պատրաստակամությունը: Նա Հանրապետության Նախագահին տեղեկացրել է կառուցողական և ջերմ մթնոլորտում ընթացող միջխորհրդարանական այսօրվա նիստում քննարկվող հարցերի մասին:

«Մեզ հրատապ թեմաների շարքից է նաև հետսահմանադրական զարգացումները և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, մենք հիմա շատ կարևոր փուլ ենք մտել և՛ Հայաստանում, և՛ Արցախում սահմանադրական հանրաքվեներից հետո մեր կյանքի կարգավորումները նոր սահմանադրություններով պայմանավորելու առումով: Թեկուզև մենք տարբեր կառավարման մոդելներ ենք ընտրել, բայց այս գործընթացի մեջ ունենք շատ ընդհանրություններ, որովհետև անցած ճանապարհն էլ է այդ մասին վկայում: Կան որոշ առանձնահատկություններ, որոնք, իհարկե, մենք կցանկանանք քննարկել մեր գործընկերների հետ, ովքեր տեղյակ են եղել այդ գործընթացից և կարող են օգտակար լինել մեր օրենսդրությունը հիմնական օրենքին համապատասխանեցնելու գործում»,- ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Տեսանյութեր

Լրահոս