Վրաստանը կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը
Վրաստանը կշարունակի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը մասնակցել նախկին կազմով՝ 870 զինվորականներով: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան։
Ինչպես հայտնել է «Sputnik Վրաստան»-ը, վրացական ԶԼՄ-ներում պարբերաբար արծարծվում է Աֆղանստանում վրացական խաղաղապահ զորակազմի կրճատման հարցը, ինչը կտրականապես հերքվում է երկրի պաշտպանության նախարարության կողմից:
«Մենք հավատարիմ կմնանք միջազգային պարտավորություններին եւ կշարունակենք այս առաքելությանը մասնակցել գոյություն ունեցող կոնտրիբուցիայով: Մասնավորապես նաեւ գալիք տարում վրացի 870 զինծառայողները ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների հետ միասին կշարունակեն իրենց առանձնահատուկ ավանդը ներդնել աշխարհի անվտանգության եւ կայունության ապահովման գործում»,-ասել է Իզորիան:
ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում գործում է 2015 թվականի հունվարի 1-ից՝ դաշինքի ու Աֆղանստանի իշխանությունների միջեւ համաձայնագրին համապատասխան: Դրան մասնակցում են 13 հազարից ավելի զինծառայողներ, որոնց գործառույթների թվում են Աֆղանստանի ուժային կառույցների ուսուցումը եւ նրանց խորհրդատվություն տրամադրելը: Առաքելությունը հայտարարված ոչ մարտական: