ԱՄՆ-ը Դոնբասում 20 հազար խաղաղապահներ տեղաբաշխելու ծրագիր է պատրաստել. WSJ
ԱՄՆ-ը պատրաստվում է Դոնբասում 20 հազար միջազգային խաղաղապահների տեղաբաշխման ծրագիր առաջարկել Ռուսաստանին: Այդ մասին հայտնել The Wall Street Journal թերթը:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այդ գաղափարը ռուս գործընկերների հետ կքննարկեն առաջիկա օրերի ընթացքում, նշել են հրատարակության աղբյուրները:
Նշվում Է, որ առաջարկը պատասխան է տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն տեղաբաշխելու Ռուսաստանի նախաձեռնությանը, որը սեպտեմբերին ներկայացվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հրատարակությունը նաեւ գրում է, որ արեւմտյան մի քանի մայրաքաղաքներում, ներառյալ Փարիզը եւ Բեռլինը, հույս կա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ելք գտնել Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունից:
Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել The Wall Street Journal-ի տեղեկատվությունը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ Վաշինգտոնում հետաքրքիր են համարում Դոնբասում խաղաղապահ առաքելություն տեղաբաշխելու ռուսական նախաձեռնությունը: Նա նաեւ հայտնել է, որ Վաշինգտոնը խնդրել է Կիեւին՝ «չներկայացնել մրցակից բանաձեւ», այլ «փորձել համաձայնության հասնել» եւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հնարավոր տեղաբաշխման «սկզբունքների ու բաղադրատարրերի շուրջ պայմանավորվել» ռուսական նախաձեռնության շրջանակներում: