Բաժիններ՝

Մայք Փենսը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման առնչությամբ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման փաստի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հեզեր Նոյերթը:

«Փոխնախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել ԱՄՆ քաղաքացիների, Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության աշխատակազմի անդամների, լրագրողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ, որոնք տեղի են ունենում արտակարգ դրության պայմաններում: Փոխնախագահը հորդորել է նաև ապահովել թափանցիկ և արդար գործընթաց վերոնշյալ դեպքերի քննության համար»,- հայտնել է Նոյերթը:

Պետդեպի խոսնակը հատուկ շեշտել է, որ Մայք Փենսը խիստ անհանգստացած է Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների դեմ հարուցված քրգործերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս