Մոլդովայի առաջին տիկինը հիացել է հայաստանյան արյունաբանական կենտրոնով և անձնակազմով
Մոլդովայի Հանրապետության առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Առաջին տիկինները շրջեցին կենտրոնի բաժանմունքներում, շփվեցին հիվանդ երեխաների հետ: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած աշխատանքները նվիրեցին առաջին տիկիններին, իսկ կենտրոնում բուժում ստացող տաղանդավոր Նարեն երգեց եւ նվագեց նրանց համար:
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ զրույցում երեխաները կիսվեցին իրենց ցանկություններով: Նրանք արդեն նամակներ են գրել Ձմեռ պապին. մեկը մեծ մեքենա ու շոկոլադե ձվիկ է խնդրել, մեկը պայուսակ, իսկ մյուսը` կեղծամ:
Ռիտա Սարգսյանը Մոլդովայի առաջին տիկնոջը ներկայացրեց «Նվիրի կյանք» բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը, ապա երկու երկրների առաջին տիկինները դիտեցին հիմնադրամին նվիրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակը: «Ինձ շատ դուր եկավ կենտրոնի աշխատակազմը: Նրանք այնքան բարի են, եւ նրանցից լույս ու ջերմություն է ճառագում: Ես ցանկանում եմ երեխաներին առողջություն, իսկ բժշկական անձնակազմին միայն առողջ երեխաներ»,- նշեց Գալինա Դոդոնը:
Նա խոստովանեց, որ Մոլդովայում եւս նման հիվանդանոց կա, բայց այդքան գեղեցիկ եւ լավը չէ, ինչպես Հայաստանինը: «Մեծ հաճույքով այցելեցի ձեր կենտրոն: Հաջողություն եմ մաղթում ձեզ այդ բարդ աշխատանքում»,-տպավորությունների մատյանում նման գրառում կատարեց Գալինա Դոդոնը:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը փետրվարի 15-ին հանդես կգա համերգով, որտեղ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները կերգեն իրենց սիրելի երգիչների հետ: