Բաժիններ՝

Ընտրելով մարդասիրություն. ԿԽՄԿ-ն պատերազմի կանոնների խախտումներին առերեսվելու նոր արշավ է սկսել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սկսում է նոր փուլ՝ պատերազմի կանոնների անհրաժեշտության և պատշաճության մասին հանրային իրազեկվածության իր արշավում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԽՄԿ-ի պատրաստած ցնցող տեսանյութը հիշեցնում է մեզ, որ պատերազմի ժամանակ քաղաքացիական կորուստները որոշումների և ոչ՝ պատահականության արդյունք են։ Ինչ-որ տեղ մի պատերազմող երկրում մի տղայի առավոտյան առօրյան ներկայացնող «Որոշումներ» կարճ տեսանյութը պատկերում է, թե ինչպես պատերազմ վարելու կանոնները հարգելու օգտին կատարած ընտրությունը կարող է պաշտպանել քաղաքացիական անձանց և փրկել կյանքեր։

«Մի՛ եղեք անզգա» առցանց խաղը հրանավորություն է տալիս հիշել Ժնևի կոնվենցիաները։ Այս ինտերակտիվ միկրոկայքը պարունակում է հարցաշար, տվյալների պատկերում և պատերազմի օրենքի մասին տեղեկություն։ Այն ստուգում է «միլենիալների» կամ «Z» սերնդի լսարանների մոտ պատերազմում կարևոր որոշումների և Ժնևի կոնվենցիաները ընդգծող մարդասիրության հիմնական սկբունքների վերաբերյալ կարծիքը և գիտելիքը։ Սա կարևոր է հատկապես հիմա, երբ պետք է երաշխավորել, որ երիտասարդ սերունդները չմեծանան առանց գիտակցելու պատերազմ վարելու կանոնների կարևորությունը։

ԿԽՄԿ-ի «Մարդիկ պատերազմում» հետազոտությունը, որն իրականացվել է 16 երկրում 17,000 հարցվողների մասնակցությամբ, մեծապես աջակցում է այն համոզմունքին, որ պատերազմները պետք է ունենան սահմաններ։ Տասը հարցվածներից ութը կարծում են, որ զինվորականները թշնամու վրա հարձակվելիս պետք է հնարավորինս խուսափեն քաղաքացիական անձանց վնաս հասցնելուց։ Նույնքան մարդ կարծում է, որ թշնամուն թուլացնելու համար հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների և առողջապահական ոլորտի աշխատողների վրա հարձակվելը սխալ է։

Այնուամենայնիվ, հետազոտությունը բացահայտում է չափազանց անհանգստացնող տեսակետներ խոշտանգումների և քաղաքացիական կորուստների վերաբերյալ։ ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներում (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) և Շվեյցարիայում հարցվածների միայն 50%-ն է կարծում, որ սխալ է հարձակվել թշնամու վրա բնակեցված տարածքներում՝ իմանալով, որ շատ քաղաքացիական անձինք կզոհվեն։

«Պատերազմներն առանց սահմանների չունեն ավարտ։ Աշխարհով մեկ մարդիկ համոզված են, որ պատերազմները պետք է սահմանափակվեն, և հակամարտության ամենօրյա իրականության մեջ ապրողները շարունակում են հավատալ, որ սահմանափակումները կանխում են պատերազմների ընդլայնումը», – ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։ «Սակայն շատ իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններ վարելու և զենքերի օգտագործման ձևերի մասին, մենք տեսնում ենք Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքի ցնցող պակաս»։

Որպես մարդասիրական կազմակերպություն, որն իր ստեղծումից ի վեր խաղացել է առաջնային դեր պատերազմ վարելու կանոնների խթանման, զարգացման և պահպանման ուղղությամբ, ԿԽՄԿ-ն անհանգստացած է, որ շատերն այսօր բնական են ընդունում այն փաստը, որ թիրախավորվում են քաղաքացիական անձինք, պայթեցվում են հիվանդանոցներ, մահապատժի են ենթարկվում բանտարկյալներ։ Մտահոգիչ է նաև, որ այսօրվա երիտասարդները կարող են դառնալ հակամարտությունների ազդեցություններին և պատերազմ վարելու կանոնները քայքայելու վտանգներին ընտելացած սերունդ։

«Մեր բոլորիս մարդասիրության սկզբունքները վիճարկվում են։ Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքացիական անձանց ռմբակոծումները կամ հիվանդանոցների վրա հարձակումները դառնան ընդունելի, բնական վիճակ», – ասել է նախագահ Մաուրերը։

Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և պորտուգալերեն հասանելի ֆիլմը հրավիրում է դիտողներին այցելել therulesofwar.org կայք։ Ֆիլմը ստեղծվել է «Sra.Rushmore» գովազդային գործակալության հետ համատեղ Մադրիդում։

Հարցաշարը կարելի է լրացնել անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն՝ dontbenumb.icrc.org կայքում։

Ժնևի կոնվենցիաները 1949-ին հիմնված կանոններ են, որոնք պաշտպանում են աշխարհով մեկ մարդկանց պատերազմների արհավիրքներից։ Դրանք վավերացվել են բոլոր 196 երկրների կողմից՝ դառնալով համընդհանուր և պարտադիր։ Ժնևի չորս կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները ջանում են սահմանափակել պատերազների ազդեցությունը նրանց վրա, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին, ինչպես, օրինակ՝ քաղաքացիական անձանց կամ վիրավոր և գերի ընկած զինվորականներին։

Քաղաքացիական անձանց ուղիղ թիրախավորումը, ինչպես նաև բնակեցված քաղաքների և գյուղերի վրա հարձակումները արգելված են Ժնևի կոնվենցիաներով։ Պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը՝ խուսափելու քաղաքացիական անձանց և նրանց տներին վնաս հասցնելուց կամ նրանց գոյության միջոցները, օրինակ՝ ջրի աղբյուրները, բերքը, անասունները ոչնչացնելուց։ Քաղաքացիական անձինք իրավունք ունեն ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը, և առողջապահական ոլորտի ու բժշկական անձնակազմի թիրախավորումն արգելված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս