Երեկվա ցույցից հետո ԵՊՀ-ում գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը:
Դասադուլի մասնակիցները երթով շարժվեցին Ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության համալսարան` կոչ անելով մյուս ուսանողներին եւս միանալ իրենց:
Դասադուլի մասնակիցները երեկ նաեւ նամակ ուղարկեցին ՊՆ եւ ԿԳ նախարարություն եւ պատրաստվում են այսօր եւս շարունակել իրենց ակցիան: Բնականաբար, ԵՊՀ ղեկավարությունը երեկ փորձեց ամեն գնով խոչընդոտներ ստեղծել դասադուլի մասնակիցների համար. մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում փակել են ֆակուլտետների դռները՝ զրկելով ուսանողներին դուրս գալու հնարավորությունից, եւ բացի այդ՝ գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին:
Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուսանողները պնդում էին, որ իշխանություններին չի հաջողվի նման քայլերով իրենց ետ պահել պայքարից: Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2003-2004թթ. եւս փորձել էր օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալ ու կրկին արժանացել էր դիմադրության՝ արդյունքում` առժամանակ հրաժարվելով այդ նախագծից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: