Հայաստանն առաջ անցավ Ադրբեջանից
Ի տարբերություն Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների` ԵՄ-Ադրբեջան բանակցություններում լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին Եվրահանձնաժողովին և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին տվեց Ադրբեջանի հետ համապարփակ նոր փաստաթղթի շուրջ բանակցելու լիազորություն: Նոր փաստաթուղթը պետք է փոխարինի 1996 թվականից գործող պայմանագրին:
Բանակցությունների մեկնարկից առաջ և հետո Եվրահանձնաժողովի պաշտոնյաները վստահ էին, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, որը բանակցվող համաձայնագիրը «քննարկում է» նաև ռուսական կողմի հետ, Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ կլինի շատ ավելի շուտ, քան Հայաստանը, որը 2013 թվականին չնախաստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, 2015 թվականին նոր համաձայնագիր բանակցելու մանդատ ստացավ Եվրահանձնաժողովից, այսինքն` ավելի վաղ, քան Ադրբեջանը:
168.am-ի տեղեկություններով, Եվրոպական հանձնաժողովում կարծում էին, թե Ադրբեջան-ԵՄ բանակցություններում էական առաջընթաց է արձանագրվելու, քանի որ Ադրբեջանը չունի կնքվելիք համաձայնագրին հակասող այլ միջազգային պարտավորություններ, ինչ Հայաստանի դեպքում:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-ում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ բավականին մեծ հիասթափություն կա, քանի որ բանակցությունների ընթացքում, որոնք վերաբերում են տնտեսությանը, անվտանգությանը, օրենքի գերակայությանը, լավ կառավարմանն ու մարդու իրավունքներին, լուրջ տարաձայնություններ են առաջանում կողմերի միջև մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ կապված ոլորտների շուրջ, որոնց պատճառով բանակցային գործընթացը մոտ է փակուղուն:
Ավելին, մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում էր նաև Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, սակայն այս տարաձայնություններն անժամկետ հեռացրել են համաձայնագրի ստորագրման ժամկետը:
168.am-ի եվրոպական աղբյուրների համաձայն, Եվրոպական միությունը մտադրվում էր Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնագրերը ստորագրել զուգահեռ, ծրագրում էր նաև, որպեսզի համաձայնագրերն իրենց բովանդակությամբ նման լինեն, և երկու երկրների միջև հավասարակշռությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից պահպանվի, սակայն այս ծրագրերը տապալվեցին, և Հայաստանը համաձայնագիր կստորագրի ավելի շուտ, քան Ադրբեջանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ըստ ամենայնի ավելի ծանրակշիռ կլինի, քանի որ Ադրբեջան-ԵՄ տարաձայնությունների պատճառով Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի նախատեսված բովանդակությունը կկրճատվի:
Հիշեցնենք, որ հունիս ամսին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այցելել էր տարածաշրջան: Բաքվում ԵՄ-ն ու Ադրբեջանը հաստատել էին, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները ցանկանում են ավարտել մինչև այս տարեվերջ նախատեսված Եվրամիության գագաթաժողովը: