Կրակոցներ Տեխասի եկեղեցում. կան զոհեր և վիրավորներ
Նոյեմբերի 5-ին ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել է 26 մարդ: Կրակողին մեռած են գտել, բայց ոստիկանությունն առայժմ չգիտե նրա մահվան հանգամանքները: Հանցագործության դրդապատճառները նույնպես առայժմ պարզ չեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Տեխասի Հասարակական անվտանգության վարչության ներկայացուցիչ Ֆրիման Մարտինը մամուլի ասուլիսում լրագրողներին պատմել է, որ կրակողը ամբողջությամբ սեւ էր հագնված, ներառյալ զրահաբաճկոնակը: Նա Ruger AR ինքնաձիգ հրացանով կրակ է բացել բապտիստական եկեղեցու մոտ Սազերլենդ Սփրինգսում ՝ Տեխասի Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու: Այնուհետեւ նա մտել է եկեղեցի, որտեղ ժամերգություն էր տեղի ունենում, եւ անկանոն հրաձգություն բացել:
Զոհվել Է 26 մարդ, ավելի քան 20 հոգի վիրավոր է: Տուժածների տարիքը՝ 5-ից մինչեւ 72 է: Մասնավորապես, հաղորդվել է, որ հրաձգության ժամանակ զոհվել է եկեղեցու պաստորի 14-ամյա դուստրը, մինչդեռ պաստորն ինքը ժամանակավորապես բացակա է եղել: Այնուհետեւ կրակողը դուրս է եկել եկեղեցուց: Ելքում նա հանդիպել է տեղացի մի բնակչի, որը հրացանով է եղել: Փոխհրաձգություն է սկսվել:
Կասկածյալը նետել Է իր հրացանը եւ դիմել փախուստի: Ավելի ուշ կասկածյալին մեռած են գտել ավտոմեքենայում, բայց ոստիկանությունը չգիտի՝ նա մահացել Է փոխոհրաձգության ժամանակ ստացած վերքից, թե ինքնասպան Է եղել: Մարդասպանի ավտոմեքենայում մի քանի միավոր հրազեն են գտել:
Թեեւ պաշտոնապես զինված տղամարդու անունը չի հաղորդվում, Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներից շատերը գրում են, որ հարձակվողը Դեւիդ Փատրիկ Քելլին Է, որն ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն այցով գտնվում է Ճապոնիայում, խոստացել է, որ դաշնային իշխանությունները օգնություն ցույց կտան նահանգի իշխանություններին միջադեպը հետաքննելիս: Թրամփն իր ցավակցությունն է հայտնել՝ մարդկանց սպանությունը որակելով «չարիքի ակտ»:
https://www.youtube.com/watch?v=orskK_VU-N0