«Մի երկու խոշոր գնորդներ կարող են թելադրել շուկայի վիճակը. պարոն Շաբոյանը պետք է զբաղվի այդ հարցով». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի խաղողի բերքը շատ քիչ էր, դրա համար մթերման խնդիր չառաջացավ. «Միջինասիական քիշմիշի 1 կգ-ի գինը 700 դրամից չիջավ այս տարի։ Մենք ունեինք ցածր բերքատվություն, և կարծում եմ, որ սխալ էր գործարաններին գումարներ տալը։ Այն գինիները, որ պահեստներում էին մնացել, թող վաճառեին և գյուղացու գումարը տային։ Պետությունն իզուր սուբսիդավորեց, դա կարող էինք ուրիշ տեղ օգտագործել։ Պաշտոնական թվերից կրկնակի կամ եռակի շատ գինի է արտահանվել, եթե, իհարկե, չեն տարել և Մոսկվայում պահեստավորել․ նման կասկածներ էլ ունենք»։
Բերբերյանի խոսքով՝ եթե այդ գինիները վաճառվեին, ընկերությունները վարկ չէին վերցնի։
Այսօր Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թեպետ խաղողի պակաս կար, բայց եթե նախորդ տարի խաղողի գինը 130 դրամ էր, այս տարի այն տատանվել է 110-130 դրամի սահմաններում։
Հրաչ Բերբերյանը նկատեց, որ միայն խաղողի դեպքում չէ այդպես. «Ե՛վ կաթի, և՛ մսամթերքի, և՛ բանջարեղենի գնումների հետ կապված այդպես է․ մի երկու խոշոր գնորդներ կարող են թելադրել շուկայի վիճակը։ Նրանք կարող են պայմանավորվել իրար հետ։ Մրցակցային հանձնաժողով կա, և պարոն Շաբոյանը պետք է զբաղվի այդ հարցով»։
Բերբերյանը կարևորում է նորմատիվների մշակումը. «Այսօր նորմատիվներ չկան, որ կողմնորոշվենք՝ ստվերայի՞ն է տնտեսությունը, թե՞ ոչ։ Կառավարությունը մատների արանքով է նայում, որովհետև այդ կարևոր ոլորտները գտնվում են օլիգարխների ձեռքում, որոնք չեն թողնումմ որ նորմատիվներն անցնեն։ Այդտեղից էլ ստվերային տնտեսությունը կա։ Ես դիմում եմ ՊԵԿ ղեկավարին՝ մինչև չմշակվեն նորմատիվներ, մենք ունենալու ենք ստվեր՝ բոլոր ոլորտներում։ Փաստացի, մթերվում է քիչ խաղող, բայց շատ են նկարում, մթերում են քիչ լոլիկ, բայց չոր նյութերի քանակի հաշվին շատ են ցույց տալիս․ ստվեր է»։
Ըստ նրա՝ կարևոր է, որ կառավարությունը շահագրգռված լինի ստվերի դեմ պայքարի հարցում. «Ասելը քիչ է, պետք է աշխատել։ Մեր կառավարությունները վարկաբեկվում էին, որովհետև ասում էին ու հակառակն էին անում, ժողովուրդը չի հավատում։ Կունենա՞նք վստահելի մարդիկ մեր կառավարությունում՝ երկիրը շատ արագ առաջ կգնա»։