«Այս տարի պարզ երևաց, որ խաղողը պետք է բոլորին, բայց գինը չի բարձրանում». Արտակ Սարգսյան
«Այս տարի խաղողը սակավ էր։ 2016թ. համեմատ՝ այս տարի բերքը մոտ 40-45%ով պակաս էր։ Մեր հաշվարկներով այս տարի ունեցել ենք 60-67 հազար տոննա մթերված խաղող, որը վերամշակվում է կոնյակի և գինու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թեպետ խաղողի պակաս կար, բայց եթե նախորդ տարի խաղողի գինը 130 դրամ էր, այս տարի այն տատանվել է 110-130 դրամի սահմաններում. «Եթե խաղողի պահանջարկը մեծ էր, խաղողն էլ քիչ էր, փոխանակ գինը բարձրանար, նվազեց։ Այստեղից պարզ է, որ կա մի համախմբված ուժ, որոնք կարողանում են իրենց կամքը թելադրելով՝ իրենց հարմար գնով խաղողը գնել գյուղացուց»։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ խոշոր ընկերությունների մասին չէ խոսքը, այլ՝ մանր ու միջին։
Ըստ Սարգսյանի՝ չի ստացվում, որ խաղողագործը խաղողը մշակի, ինքնարժեքից բարձր վաճառի և դրանով խաղողագործությունը զարգացնի.
«Կառավարության նոր ծրագրով մինչև 150 մլն դրամի սահմաններում վերամշակող ընկերությունները սուբսիդավորվեցին, որպեսզի խաղող գնեն։ Խաղողը մինչև հոկտեմբերի 5-ը համարյա վերջացել էր, մթերումն ավարտված էր, բայց սուբսիդավորված գումարը ընկերությունները դեռ չէին կարողանում տրամադրել խաղողագործին։ Նման դեպքեր էլ եղան։ Այս տարի պարզ երևաց, որ խաղողը պետք է բոլորին, բայց գինը չի բարձրանում»։
Նրա խոսքով՝ խաղողի այգիների անկում կա. «Հիմա էլ շատ այգիներ քանդվում են, քանի որ մարդը որոշում է կայացնում չզբաղվել խաղողագործությամբ։ Խաղողագործության ոլորտին պետական աջակցություն է պետք։ Մենք 2017թ. ցրտի պատճառով էլ ահռելի անկում ունեցանք»։
Նա նշեց, որ ռուսական շուկան խստացրել է պայմանները, ինչն, ըստ նրա՝ նշանակում է, որ մեր շուկայում առկա կեղծ արտադրանքը դուրս կգա շուկայից և խաղողագործությունը կսկսի թափ առենել.
«Ռուսական շուկայի պահանջն այն է, որ այստեղ արտադրվող կոնյակն ու գինին պետք է բացառապես խաղողի մաքուր հումքից պատրաստված լինեն»։
168.am-ի դիտարկմանը, թե գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հակառակն էր ասում, որ ռուսական շուկան է պահանջում կեղծված կոնյակ, նա այպես արձագանքեց. «Ես դրանից տեղյակ չեմ, եթե Ավագ Հարությունյանը նման բան է ասում, դիմեք իրեն»։