«Կատալոնիան դեպի անկախություն խաղաղ շարժման գործողությունների ծրագիր է ընդունել». Պուչդեմոն
Կատալոնիայի կառավարությունը փորձեց օգտագործել Մադրիդի հետ երկխոսության կարգավորման բոլոր հնարավորությունները, սակայն, գիտակցելով դրա անհնարինությունը, հարկադրված էր անկախություն հռչակել: Այդ մասին Իսպանիայի կողմից ինքնավարության ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հայտարարել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որի ուղիղ հեռարձակումն իրականացրել է «324» կատալոնյան հեռուստաալիքը:Նրա խոսքով՝ Կատալոնիան «դեպի անկախություն խաղաղ շարժման գործողությունների ծրագիր Է ընդունել՝ խուսափելով բռնությունից»:
Պուչդեմոնը նաեւ նշել է, որ Կատալոնիայի կառավարությունը կընդունի դեկտեմբերի 21-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունների ցանկացած արդյունք: Նա ընդգծել է, որ Մադրիդը պետք է հարգի Կատալոնիայի ժողովրդի կամաարտահայտությունը, ներառյալ ինքնավարության ղեկավարության ընտրությունների արդյունքները: Ընդսմին նա նշել է, որ եթե ԵՄ-ն աջակցի Մադրիդի ուժային գործողություններին, ապա դա կլինի այն իդեալների վախճանը, որոնց վրա հիմնված է Եվրոպան: Պուչդեմոնն ասել է, որ Կատալոնիայի ղեկավարները մտադիր չեն ապաստան խնդրել Բելգիայում: Նա հայտարարել է, որ իրեն համարում Է «Կատալոնիայի օրինական ղեկավարը» եւ այդ դիրքից է մտադիր ամբողջ աշխարհի հետ խոսել ինքնավարությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Մինչդեռ, ինչպես հոկտեմբերի 31-ին հայտնել է La Vanguardia թերթը, Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության հռչակման մասին բանաձեւի գործողությունը, որին տարածաշրջանի խորհրդարանը հավանություն էր տվել հոկտեմբերի 27-ին: Հրատարակության տեղեկատվությամբ, ՍԴ-ն քննության է ընդունել Իսպանիայի կառավարության միջնորդությունը Կատալոնիայի խորհրդարանի որոշման դեմ: Այսպիսով, բանաձեւի գործողությունն ինքնաբերաբար կասեցվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: