Բաժիններ՝

«Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, այդ ստվերի դեմ ենք պայքարում և պետք է հաղթենք». Վարդան Հարությունյան

«Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է բոլորը հարկերը վճարեն: Եթե հարկերից խուսափելու համար դիմում են նման ակցիաների, պետք է ոչ թե քաջալերել նրանց, այլ պետք է բացատրել, որ չի կարելի միտինգ անելով խուսափել հարկերից:

Այդ առևտրականների հետ հանդիպում է եղել, մանրամասն բացատրվել է ինչ պետք է անեն, եթե դրանից էլ են խուսափում և փորձում են մանիպուլյացիայի դիմել, չի լինելու: Կոշտ վարչարարություն է լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած առևտրականների բողոքի ակցիային:

Ըստ նրա` առևտրականների խնդիրը բարդ չէ, ՊԵԿ-ն անգամ առաջարկել է անվճար հաշվապահություն, սակայն դրանից հրաժարվել են:

Վ.Հարությունյանի խոսքով, պատճառն այն է, որ շրջանառությունն են թաքցնում: Նա նշեց, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են այդ վիճակում. կան տնտեսվարողներ, որոնք աշխատում են օրինական դաշտում և հարկերից չեն խուսափում, նաև կան մարդիկ, որոնք, «թաքնվելով» անապահով խավի անվան տակ, ունենալով մեծ հնարավորություններ, այդ մարդկանց ուղղորդում են այդ քայլերի:

«Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, և, իր հեղինակությունն օգտագործելով, փորձել է մի քանի օր առաջ առևտրականներին հասկացնել, որ մեր արածն օրինականության սահմաններում է, իր Առինջ մոլում տարածք է հատկացրել, որ մենք փորձենք ավելի մատչելի ժողովրդին բացատրենք, նաև մենք պատրաստ ենք նման ծառայություն մատուցել մյուս տոնավաճառներում նույնպես:

Եվ այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է աշխատել: Նոր քիչ առաջ ասացին` մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, այդ ստվերի դեմ ենք պայքարում և պետք է հաղթենք»,- ասաց Վ.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս