«Ես հավատում եմ ֆուտբոլիստներին ավելի, քան ՖԻՖԱ-ի ստանդարտներին: Բայց մեզ երբեք ոչինչ չեն հարցնում». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի հրաժարվել գնդակների վերաբերյալ իր քննադատությունից և մեղադրել է ՖՒՖԱ-ին նրանում, որ այնտեղ չեն լսում մարզիչների և ֆուտբոլիստների կարծիքը:
Հիշեցնենք, որ գավաթային խաղից հետո Գվարդիոլան նշել էր, որ գնդակներն այնքան թեթև են, որ դրանցով հնարավոր չէ գոլ խփել:
«Ես չեմ ենթադրում, որ այդ թեմայով երկար երկխոսություն կլինի: Նրանք երբեք, ոչ մի դեպքում չեն հարցնում ինձ կամ այլ մարզիչների: Սա կատարվում է ամենուր: Նրանք են կայացնում բոլոր որոշումները: Նրանք գիտեն, թե որ մրցաշարը, որ օրը, ինչ գրաֆիկով և ինչ գնդակով պետք է անցկացվի: Նրանք ասում են՝ գնացեք աջ, մենք գնում ենք, գնացեք ձախ՝ կրկին գնում ենք: Խաղացեք այս գնդակով՝ խաղում ենք:
Իմ մեկնաբանությունները քննադատական էին: Այդ գնդակն ինձ համար լավը չէր միայն այն պատճառով, որ դա ինձ ասել էին իմ խաղացողները: Լրագրողներն ասում են, որ ես սխալվել եմ, բայց չէ՞ որ նրանք ֆուտբոլիստ չեն և չեն խաղում այդ գնդակներով: Իմ բոլոր մտքերը գալիս են ֆուտբոլիստներից, ովքեր անմիջականորեն շփվում են գնդակի հետ, այսքան բան: Բայց սա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու խաղալ այդ գնդակով:
Այս մրցաշարում մենք կխաղանք այս գնդակով, մյուսներում՝ մեկ ուրիշով: Չէ՞ որ մեզ ոչ ոք չի հարցնում դրա մասին՝ ոչ ՖԻՖԱ-ն, ոչ ՈՒԵՖԱ-ն: Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք՝ խաղում ենք այնքան լավ, որքան հնարավոր է: Ամեն ինչ բավականին պարզ է:
Ես կարծում եմ, որ որոշումներ կայացնողները պետք է խորհրդակցեն ֆուտբոլիստների հետ: Այսօր ֆուտբոլիստներն ու մարզիչները ոչ մի ազդեցություն չունեն ֆուտբոլի վրա: Գնդակը հաստատված է ՖԻՖԱ-ի կողմից: Լավ, շատ լավ: Ես հավատում եմ ֆուտբոլիստներին ավելի, քան ՖԻՖԱ-ի ստանդարտներին: Ես տեսնում եմ՝ ինչպես է շարժվում այդ գնդակը: Լրագրողները չեն կարող դատել, քանի որ անգամ չեն կպել այդ գնդակին»,- հայտարարել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան