Բաժիններ՝

WikiLeaks-ը 100 հազար դոլար պարգև է խոստացել Քենեդիի սպանության մասին գաղտնիացված փաստաթղթերի համար

WikiLeaks կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին 100 հազար դոլար պարգեւ է խոստացել նրան, ով իրեն փաստաթղթեր կփոխանցի ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որոնք ամերիկյան կառավարությունը որոշել է չհրապարակել։

Պարգեւը կվճարվի այն դեպքում, եթե այդ նյութերն օգնեն բացահայտել օրենքի խախտումը, ԱՄՆ-ի իշխանությունների անձեռնհատ գործողությունները կամ սխալները: Այդ մասին ասված է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջերում հրապարակված հայտարարության մեջ:

«WikiLeaks-ը 100 հազար դոլար պարգեւ է հայտարարում Ջոն Ֆիցջելալդ Քենեդիի մասին չհրապարակված փաստաթղթերի համար, եթե դրանք ի հայտ բերեն օրենքի խախտումը, անձեռնհասությունը կամ վարչական սխալները»,-հայտարարել է Ջուլիան Ասանժի հիմնադրած կազմակերպությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում շուրջ երեք հազար փաստաթուղթ է հրապարակվել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին. 2891 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում: Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, եւս մի քանի հազարը հրապարակվելու են մինչեւ 2018 թվականի ապրիլը:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հասարակությունն արժանի է ամբողջական տեղեկատվություն ստանալ սպանության մասին: Ընդ որում Թրամփը նշել է, որ ազգային անվտանգության նկատառումներով ինքն այլ ընտրություն չուներ, քան թույլ տալ, որ գերատեսչությունները խմբագրեն տեքստի որոշ մասերը:

Ջոն Քենեդին ԱՄՆ-ը ղեկավարել է ավելի քան երկու տարի եւ մահացու վիրավորվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլաս կատարած ուղեւորության ժամանակ: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրան սպանել է Լի Հարվի Օսվալդը, որը մեծ տարածությունից նախագահի վրա կրակել է դիպուկահարի հրացանով: Նախագահի մահվան հանգամանքները մինչ այժմ վեճեր են հարուցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս