«Սիսիանի քաղաքապետարանը «մասկի շոու» կազմակերպելու տեղ չէ». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն անդրադարձավ երեկ Ուկրաինայում պատգամավորի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի դեպքին:
«Ուկրաինական լրատվական միջոցները երեկ տարածեցին, որ երեկոյան մահափորձ է իրականացվել պատգամավորի՝ Իգոր Մասիչուկի նկատմամբ, որը Ուկրաինա- Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մենք դատապարտում ենք արարքը:
Կան վիրավորներ և մեկ զոհ, ցավակցում ենք զոհի հարազատներին, խմբի ղեկավարը հիմա գտնվում է հիվանադանոցում: Միևնույն ժամանակ Ուկրաինայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և հանդարտություն»,- հայտարարեց պատգամավորը:
«Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ երեկ համացանցում տարածված Սիսիանի քաղաքապետի ծննդյան արարողության տեսագրությանը.
«Երեկ ողջ համացանցում տարածված տեսագրության մեջ Սիսիանի քաղաքապետի ծննդյան «մասկի շոուն» է քաղաքապետարանի շենքում: Կարծում եմ՝ սրանով լրջորեն պետք է զբաղվի կառավարությունը: Սիսիանի քաղաքապետարանը «մասկի շոու» կազմակերպելու տեղ չէ, քաղաքապետարանի աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկներ հագցնելու տեղ չէ, սա լուրջ խնդիր է, ու զարմանում եմ, որ տևական ժամանակ այդ վիդեոսյուժեն պտտվում է սոցիալական ցանցերով, և որևէ արձագանք կառավարության կողմից չկա»:
https://www.youtube.com/watch?v=8LcjplPOy9w