Պետական կառավարման ապարատի աշխատակիցների թիվը հաջորդ տարի կկրճատվի 777-ով
2017 թվականին պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 113 մարդ։ 2018 թվականին այդ թիվը կկազմի 138 549, այսինքն՝ պետական համակարգի աշխատակիցների թիվը կկրճատվի մոտ 5.5 հազարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից կազմված զեկույցից։
Կրճատումներ սպասվում են բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գիտության ոլորտի (ներառված չեն պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության տվյալները)։
Բացարձակ թվով՝ ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում նախատեսվում է կրթության ոլորտում։ Այստեղ աշխատող բյուջետային աշխատողների թիվը կնվազի 2797-ով կամ 4.2%-ով։ Տոկոսային առումով ամենամեծ կրճատումը կլինի առողջապահության ոլորտում (4.6%-ով)։
Պետական կառավարման ապարատի աշխատակազմը կկրճատվի 777-ով՝ 19 221-ից հասնելով 18 444-ի։
Կրճատումների արդյունքում՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը 2018 թվականին կկազմի 138 549։ Ամենամեծ թվով աշխատակիցները ներգրավված են կրթության ոլորտում՝ 63 612 մարդ, որին հաջորդում են առողջապահության ոլորտը (32 570) և կառավարման ապարատը (18 444)։
Նշենք նաև, որ պետական համակարգի աշխատակիցների թվի կրճատման արդյունքում պետբյուջեից վճարվող աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով։ Եթե 2017 թվականին բյուջետային աշխատողների աշխատավարձային ֆոնդը 246.5 մլրդ դրամ է, 2018 թվականին այդ թիվը կկազմի 243.5 մլրդ դրամ։