«Հայաստանի և Ռուսաստանի կապերը զարգանում են բոլոր ուղղություններով». Դﬕտրի Մեդվեդև
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Հարգելի Դմիտրի Անատոլիի, գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր բանակցությունների արդյունքներով: Առաջին հերթին մենք ամփոփեցինք վերջին ժամանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Արձանագրել ենք, որ մեր երկրների դաշնակացային հարաբերությունները տարեցտարի դինամիկ կերպով զարգանում են, մենք աճ ենք արձանագրել նաև թվերում և միաժամանակ ընդգծել ենք, որ ունենք աճի մեծ հնարավորություններ:
Քննարկել ենք համատեղ և՛ ներդրումային, և՛ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ համագործակցության խորացման ուղղությամբ: Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Երկկողմ տնտեսական փոխգործակցության բոլոր գործընթացներում մենք ընդգծել ենք միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը և շեշտել վերջին ժամանակներս շատ հաճախակի, պարբերական ու կառուցողական հանդիպումների փաստը միջգերատեսչական և հորիզոնական մակարդակում, ինչը լրացուցիչ խթան և արագություն է հաղորդում, որպեսզի այն միջոցառումները, որոնք մենք նախատեսում ենք՝ արագ կյանքի կոչվեն: Ավարտելով խոսքս, ցանկանում եմ արձանագրել, որ մենք բավարարված ենք կատարված աշխատանքից: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր բանակցություններն ինչպես միշտ եղել են շատ կառուցողական, հագեցած և բարեկամական: Վստահ եմ, որ այն, ինչ պայմանավորվել ենք՝ մոտ ժամանակներս կիրականացվի, և մենք միայն առաջ կշարժվենք:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Հարգելի Կարեն Վիլհելմի, հարգելի գործընկերներ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Կարեն Վիլհելմին հակիրճ էր, ես կփորձեմ էլ ավելի հակիրճ լինել, սակայն դա չի նշանակում, որ մենք ունեցել ենք ոչ ճիշտ բանակցություններ, հակառակը, ամեն ինչ լավ է եղել, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Ի դեպ, այժմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, իսկ մեր հարաբերությունների պատմության մասին ես չեմ խոսի, քանի որ դրանք ավելի երկար ժամանակահատված են ներկայացնում: Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերը, երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է և 2016, և 2017 թվականին, ընդ որում՝ աճում է բավականին լավ տեմպերով, մենք այդ մասին արդեն ասել ենք: Մեր համատեղ բոլոր ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ և՛ բարձր տեխնոլոգիաների, և՛ էներգետիկայի, և շինարարության, և՛ հեռահաղորդակցության: Մենք ուրվագծել ենք ապագայի ծրագրերը, թե ինչով կարելի է զբաղվել մոտակա տարիներին: Համագործակցությունը հումանիտար ոլորտում ևս զարգանում է, մենք պատրաստվում ենք Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Հույս ունեմ, որ հումանիտար ոլորտում մի շարք նոր ծրագրեր ևս կիրականացվեն: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ աշխատանքի հիանալի պայմանների և հյուրընկալության համար:
Հարց- Ռոսիա 1 հեռուստաընկերություն. Դմիտրի Անատոլիի, վերջերս մամուլում շատ է խոսվում երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին: Մասնավորապես, խոսքը ներդրումների, մեքենատրակտորային համակարգերի ստեղծման, հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարելու և հանրապետության ջերմոցային տնտեսության մեջ մեր կողմից ներդրումներ կատարելու մասին է: Հարց․ ինչպե՞ս է զարգանում այդ հարաբերությունների համակարգը և ինչպիսի՞ն է դրա ներուժը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Զարգանում է լավ: Ակնհայտ է, որ այստեղ համագործակցության համար մենք ունենք ամուր հիմքեր: Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղ-բանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: Հայկական ծիրանը դա առանձին թեմա է: Ես նոր իմացա, իմ գործընկերը տեղեկացրեց, որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հիմա են հավաքում, այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է: Այնպես որ, ներուժը շատ մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը, բնականաբար, նպաստում է, որպեսզի մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի հետ: Մենք գուցե դեռ չունենք նման խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվենք, բայց մենք պատրաստ ենք շարունակել աշխատել գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի մատակարարման հարցերով, կամ պարզ ասած՝ մեր գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումներով: Այստեղ մի շարք տարբերակներ ունենք և՛ աջակցության շրջանակում, և՛ այն աշխատանքային քարտեզի, որը պատրաստել ենք մեր մեքենաշինատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման շրջանակում, որոնք կարող են աշխատել Հայաստանում: Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ այս, ինչպես նաև՝ այլ ուղղություններով: Մենք այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել ենք էներգետիկայով: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է, որ հաջորդ տարի Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը:
Հարց- «Արմենպրես» գործակալություն. հարցս ուղղված է երկու վարչապետներին: Նոյեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսելու է գործել ազատ տնտեսական գոտին: Ինչպե՞ս եք դիտարկում ԵԱՏՄ երկրների եւ, մասնավորապես, ռուսական բիզնեսի ու ներդրումների ներգրավման հեռանկարներն այդ նախագծում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Այսօրվա օրակարգը, ինչպես նշեցի, եղել է շատ հագեցած ու կառուցողական: Մենք քննարկել ենք այս թեման նույնպես: Ավելին, ինչպես ես արդեն ասել եմ, եղել են բավականին հաճախակի բանակցություններ միջգերատեսչական ու միջոլորտային մակարդակներում և արդեն կան որոշ նախագծվող ծրագրեր: Մենք գտնում ենք, որ ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որը հետաքրքրություններ ունի Իրանում: Ավելին, մենք շատ բաց ենք ու պատրաստ ենք համագործակցել ոչ միայն Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագորցակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այն բավականին ինտենսիվ բանակցությունները, որոնք տեղի են ունենում, կունենան վերջնական պատրաստի տեսք՝ կիրառման համար:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով, եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք՝ ինչպես այդ ամենն ամբողջականացնել, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորրը, որ դա տա իր պտուղները: