«Ես չեմ մեղադրելու ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին․ տղա ես՝ հասիր դրան». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում առկա անհամաձայնությունները պետք է վերացվեն մինչ փաստաթղթի ստորագրումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ Հայաստանի հասարակությունն ու իշխանություններն իրենք պետք է որոշեն, թե ինչ ուղղություն են ընտրում, այլ ոչ թե նրանց փոխարեն որոշում կայացնեն մյուս երկրները.

«Իհարկե, Ռուսաստանը պետք է ինչ-որ բաներ անի, որը, թեկուզ կարճատև նպատակների համար, իր շահերն է հետապնդում։ Իհարկե, Արևմուտքի աչքը գիշեր-ցերեկ ջուր չի կտրում մեզ համար, թե՝ ոնց անենք, որ Հայաստանը լավանա։ Այս բոլոր խնդիրները մերն են, և հայ հասարակությունն ունենալով այդ ազդակները՝ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ Վերջապես, անպայման չէ, որ մեզ վրա հարձակվեն՝ նոր մոբիլիզացվենք»։

Նա ընդգծեց՝ դժվար թե Հայաստանը կարողանա պայքարել Ռուսաստանի դեմ, հետևաբար, ըստ նրա՝ պատասխանատվությունն ամբողջովին մեր իշխանությունների և հասարակության վրա է, որը չի կարողանում պատշաճ ձևով ազդել իր իշխանությունների վրա։

«Ամեն ինչի մեջ կան վտանգներ ու ռիսկեր, ամեն մի երկիր, իր մշակույթի, պատմության և հասարակության ուժի համապատասխան՝ ինքն է ընտրում իր ճանապարհը։ ՀՀ-ԵՄ համաձայնագրից հրաժարվելուն դեմ եմ։ Հայաստանը ոչ միայն կարող է, այլև պետք է այդպիսի համաձայնագրերով վարի կոմպլեմենտար քաղաքականություն։ Ես չեմ մեղադրելու ո՛չ Ռուսաստանին, ո՛չ  Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ես ունեմ երկիր, այդ երկրում կա իշխանություն, կա հասարակություն․ տղա ես՝ հասիր դրան»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս