«Աչք փակելով Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող է վերածվել «դատարկ կարկասի»». Պուչդեմոն
Շարունակելով աչք փակել Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող է վերածվել «դատարկ կարկասի»: Այդ մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտարարել է ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Իսպանիայի իշխանությունները կատալոնյան ճգնաժամի ընթացքում «բացահայտորեն ոտնահարում են» Մարդու իրավունքների եվրոպական խարտիան:
«Մեր տունը Եվրոպան է: Բայց նա շատ վատ վիճակում է եւ կարող է վերածվել դատարկ կարկասի»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Կատալոնիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության՝ Cecot-ի երեկոյան ժողովում, հայտնել է ինքնավարության կառավարության մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, անդրադառնալով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի կողմից արտակարգ միջոցների, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, հայտարարել է, որ Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն է:
«Եվրահանձնաժողովի դիրքորոշումը ոչ մի փոփոխության չի ենթարկվել հոկտեմբերի 2-ից, ինչի մասին քանիցս հրապարակավ հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Մենք հանդես ենք գալիս հաջակցություն Իսպանիայի սահմանադրական եւ իրավական կարգի, եւ հիշատակված միջոցառումներն ամբողջ ծավալով տեղավորվում են այս սահմանադրական համատեքստում»,-հայտարարել է Սհինասը: Երկուշաբթի ավելի վաղ հայտնի է դարձել անձամբ Մադրիդ ուղեւորվելու եւ Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նիստին մասնակցելու Պուչդեմոնի պլանների մասին, որպեսզի շարադրի Բարսելոնայի դիրքորոշումը թագավորության կառավարության հետ վեճում:
Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը:
Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված է հոկտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: