Բաժիններ՝

«Դեռ շատ նպատակներ ունեմ ու անընդհատ ձգտելու եմ դրանք կյանքի կոչել». Արթուր Ալեքսանյանը 26 տարեկան է

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 26 տարեկան է: Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։

Իր կարիերայի ընթացքում Արթուրն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ Մովսես Խորենացու մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Արթուր Ալեքսանյանը նաև Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է:

Արթուր Ալեքսանյանը շատ չի սիրում հարցազրույցներ տալ, սակայն առանձնացրել ենք ճերմակ արջի ուշագրավ և հետաքրքրիր մտքերը, որոնք հնչել են մեր և մեր գործընկերների (Sputnik Հայաստան, Mediamax, ankakh.com) հետ զրույցներում:

  • Իմ հաջողություննենրում առաջին տեղում հորս՝ անձնական մարզչիս դերն է: Նաև՝ յուրաքանչյուր մարզիկի հաջողության բանալին ձգտումն է, աշխատասիրությունը և նպատակասլացությունը:
  • Ֆուտբոլ սիրում եմ: Եվ ոչ միայն դիտել եմ սիրում, այլև՝ խաղալ: Փոքր տարիքից երկրպագում եմ Մադրիդի «Ռեալին»:
  • Եթե պարանոցից կախված խաչը կարելի է համարել թալիսման, ապա խաչն իմ թալիսմանն է: Իսկ դժվար պահերին ինձ օգնում է իմ մարզիչը, նրա օգնությամբ ես ելք եմ գտնում ցանկացած իրավիճակից:
  • Օլիմպիական խաղերը մարզական կյանքիս ամենագլխավոր իրադարձությունն է:
  • Մրցահարթակ դուրս գալիս մեծ նշանակություն ունի, թե ով է հակառակորդը: Հիմնականում կենտրոնանում եմ գոտեմարտի վրա, մարզիչներս նախապես են ցուցումները տալիս: Մրցահարթակ դուրս գալիս ես միայն կենտրոնանում եմ գոտեմարտի վրա:
  • Դեռ շատ նպատակներ ունեմ ու անընդհատ ձգտելու եմ դրանք կյանքի կոչել: Եթե ներքին ցանկություն չեղավ, չես կարողանա մարզվել, պարզապես անիմաստ ժամանակ կանցկացնես:
  • Ինձ համար կարևոր է, որ ապագա կինս հայ լինի:
  • Գյումրին լքելու նպատակներ չունեմ, իմ հողի վրա ինձ ավելի վստահ եմ զգում: Հետագայում չեմ կարող ասել՝ ինչ կլինի, թեկուզ սպորտային կարիերաս ավարտելուց հետո՝ ինչ պլաններ կլինեն, բայց հաստատ, մինչև իմ կարիերայի ավարտը Հայաստանում եմ լինելու, մնալու եմ Գյումրիում: Իսկ դրանից հետո եթե պլաններ փոխվեն, ուրեմն հաստատ Գյումրու հետ իմ կապը չի կտրվի:
    Արդեն մի քանի տարի է, որ որևէ մարզում բաց չեմ թողել: Առհասարակ մարզումների հաշվին ոչինչ չեմ անում:
  • Ըմբշամարտը կյանքի պայքար է, այն ինձ շատ բան է տվել, դաստիարակել է՝ որպես մարդ: Այն սովորեցնում է պայքարել, ձգտել, ծանր իրավիճակներում չընկճվել: Ըմբիշները գորգից շատ ավելի կարևոր բան են տանում, քան հաղթանակներն ու պարտություններն են:
  • Մարդկային որակներն ինձ համար միշտ ամենակարևորն են եղել, ինձ այդպես են դաստիարակել: Ծնողներս սովորեցրել են լավ մարդ լինել, հետո նոր՝ լավ մարզիկ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս