Հայաստանի կողքին, առանց Հայաստանի
«Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում: Տնտեսական և էներգետիկ բաղադրիչի տրամաբանական շարունակությունը ռազմական բաղադրիչն էր, որը, ինչպես տեսնում եք, այնքան խորը բովանդակություն չունի, որքան տնտեսական բաղադրիչը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով օրերս Թբիլիսիում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպմանը, Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմական առանցքին և ակնարկելով, որ Վրաստանը կախված է իր երկու հարևաններից։
Իր հերթին՝ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սոսո Ցինցաձեն ասել է, որ այդ համագործակցությունը չի խորանում, ինչպես հայ քաղաքագետներն են մեկնաբանում: Ըստ նրա՝ երեք երկրները պարզապես պահպանում են հանդիպումների և համագործակցության տեմպը: Ցինցաձեն ասել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների միջև առկա կապերը՝ լինեն դրանք տնտեսական, անվտանգային, էներգետիկ, Վրաստանը փորձում է պահպանել հավասարակշռություն, քանի որ այս բոլոր կապերը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի համար։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: