«700, 600, 500 դեպքերը դուք գտնում եք՝ քի՞չ են, որ բռնության են ենթարկվում այսքան կին, երեխա». Նելլի Դուրյան

Ընտանեկան բռնության դեպքերի քանակը տարեցտարի ավելանում է: Այս մասին այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` ներկայացնելով վիճակագրությունը և նշելով, որ միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 521 դեպք, որից 97-ով քրեական գործեր են հարուցվել:

«Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն 1 երեխա, որը, եթե նույնիսկ չի ենթարկվում ֆիզիկական բռնության, հոգեբանական բռնության ենթարկվում է: Եթե մենք ուզում ենք, որ ընտանիքներում չլինի բռնություն, պետք է ունենանք համապատասխան օրենք: Գուցե կա հստակեցումների կարիք, բայց օրենքը պետք է,- ասաց Ն. Դուրյանը և շարունակեց,- 700, 600, 500 դեպքերը դուք գտնում եք՝ դա քի՞չ է, որ բռնության են ենթարկվում այսքան կին, երեխա»:

Ըստ նրա` օրենքն ամեն դեպքում մեզ կարող է օգնել, ոչ թե խանգարել:

Տեսանյութեր

Լրահոս