«Շատ հետաքրքիր ու ճիշտ ձևով պատրաստվել էր հայկական կողմը». Թևան Պողոսյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

«Զարմանալիորեն, լրատվական նախապատրաստման և հանդիպման հետագա քայլերի մասով այս անգամ, կարծես, հայկական կողմը դասեր էր քաղել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյան՝ խոսելով երեկ Ժնևում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին:

Նրա խոսքով՝ հայկական կողմը չսպասեց, որ Ադրբեջանն ինչ-որ հայտարարություն անի, որ հետո փորձի արձագանքել դրանց. «Հենց հանդիպման ընթացքում միանգամից նկարում էին, ճիշտ նկարներ էին ընտրում և դնում, նույնիսկ շատ վերլուծություններ կային, որ Սերժ Սարգսյանը ժպտում է, բարձր տրամադրություն ունի, որն ինչ-որ չափով նաև մեզ էր վստահություն հաղորդում, որ հայկական կողմն այդտեղ գնացել է ուժեղ դիրքերից, ու քննարկման խնդիրն այն է, որ որևէ իմաստով հետ չի կանգնել իր նախկինում բարձրաձայնած պայմաններից»:

Թ. Պողոսյանը գտնում է՝ և՛ ՄԱԿ-ի ամբիոնում, և՛ Հայաստան-Սփյուռք համաժողովին Սերժ Սարգսյանի ելույթները, և՛ Արմեն Աշոտյանի խոսքերը ՀՀԿ Գերագույն մարմնի խորհրդից հետո, և՛ Շավարշ Քոչարյանի խոսքը մի քանի օր առաջ, միտված էին, որ հայկական կողմը որևէ իմաստով հետ չէր կանգնում իր պայմաններից:

«Առաջին անգամ հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն այցելում է դեսպանատուն, հանդիպում է համայնքի հետ: Այդ խոսքը, որն ասվեց, ինձ թվում է՝ շատ հետաքրքիր ձևով պատրաստված է եղել, որ «հանդիպմանը որևէ առաջընթաց հարցի կարգավորման առումով չկա, այնուամենայնիվ, քննարկել  ու պայմանավորվել ենք ՝ սահմանի լարվածությունն իջեցնելու մասով»: Այդ իմաստով, մի տեսակ այնպիսի ձևակերպում կար, որ, կարծես թե «Ալիևն էլ է գիտակցում, Աստված տա, որ միշտ գիտակցի», որից հետո ադրբեջանական կողմի ցանկացած ասած մի նախադասություն իրենց ոճի մեջ այլևս դառնալու է մի իրավիճակ, որ ասելու են՝ «այն, ինչ մենք պայմանավորվել ու քննարկել ենք այնտեղ, սուտ է, ես որևէ մի պայմանավորվածություն նորից չեմ պատրաստվելու կատարել»:

Կարդացեք նաև

Հետաքրքիր էր նայել, որ հանդիպման ժամանակ ներս և դուրս էին անում, առանձնանում էին, հետո բոլորին հավաքում էին, կարծես վկաների մոտ ասում էին այն, ինչ պայմանավորվել են: Այս իմաստով՝ պրոցեդուրալ շատ հետաքրքիր ու ճիշտ ձևով պատրաստվել էր հայկական կողմը, ու կարողացել ենք շահեկան դա ներկայացնել»,- կարծում է Թ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, Թ. Պողոսյանը գտնում է՝ որևէ մեկը պետք է ակնկալիք չունենար այդ առումով, որովհետև առաջնագծի կյանքը ցույց է տալիս, որ որևէ հույս ունենալու իմաստ չկա, որ Ադրբեջանը փոխելու է իր վարքագիծը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է զինվել, ո՛չ նոր մոտեցում է հայտնել, ո՛չ հայտարարել է, որ ինչ-որ նոր գործողություններ է անելու, իսկ Ալիևի խոսքին էլ, ըստ Թ. Պողոսյանի, հավատալու իմաստ չկա. «Նույնիսկ թղթի վրա գրված պայմանավորվածությունը չի կյանքի կոչում, ուր մնաց՝ բանավոր խոսքով համաձայնությունը պահի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս