Բաժիններ՝

«Ստորին Սաքսոնիայում հաղթանակը հույս է սոցիալ-դեմոկրատների համար». Մարտին Շուլց

Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամասի լանդտագի (երկրամասային խորհրդարան) վաղաժամկետ ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակը կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հույսի խորհրդանիշ է համարել ԳՍԴԿ-ի ապագայի համար։

Նա Բեռլինում ԳՍԴԿ-ի կենտրոնակայանում մամուլի ներկայացուցիչների առջեւ ելույթ է ունեցել ընտրություններում հաղթողի՝ ԳՍԴԿ-ի երկրամասային բաժանմունքի ղեկավար եւ Ստորին Սաքսոնիայի գործող վարչապետ Շտեֆան Վայլի հետ միասին: Ընտրությունները կայացել են հոկտեմբերի 15-ին: Բոլոր ձայների հաշվումից հետո առաջատարը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է (ԳՍԴԿ)՝ ձայների 36,9 տոկոսով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցությունից (ՔԴՄ) նրանց ավանդական մրցակիցներն այս տարածաշրջանում ստացել են իրենց պատմության մեջ վատագույն արդյունքը՝ հավաքելով ձայների 33,6 տոկոսը: Նաեւ խորհրդարան են անցել «Կանաչները» (8,7 տոկոս), Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (7,5 տոկոս) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը (6,2 տոկոս):

«Սա ուժեղ հուսադրող խորհրդանիշ է ողջ կուսակցության համար, բայց, ամենից առաջ, սա Շտեֆան Վայլի անձնական մեծ հաջողությունն է»,- ասել է Շուլցը:

Սեպտեմբերի վերջին Գերմանիայում անցկացվել են Բունդեսթագի ընտրությունները, որտեղ ԳՍԴԿ-ն պատմական պարտություն է կրել՝ ստանալով ձայների միայն 20,5 տոկոսը (խորհրդարանում ապահովելով 153 տեղ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս