«Ես չգիտեմ՝ որտեղ ով ինչ ունի». Դավիթ Տոնոյանը՝ Կարեն Կարապետյանի տան մասին
«Ես չգիտեմ՝ որտեղ ով ինչ ունի, բայց մամուլի կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ ռիսկի չընկալման վերաբերյալ։ Ես այդ դեպքի (խոսքը «Հաղթանակ» զբոսայգու մոտ կառուցվող վարչապետ Կարեն Կարապետյանի տան մասին է.- խմբ.) վերաբերյալ տեղեկություն չունեմ, դա ևս շահարկումներ են։ Չեմ կարծում, որ կոնկրետ վայրում կա ռիսակայնություն, և շինարարությունը շարունակվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով մեծահարուստների կողմից կառուցվող տների և էկոլոգիական ռիսկերի մասին։
Դ.Տոնոյանն ընդունեց, որ խոշոր շինթույլտվությունների տրամադրման ժամանակ մեծ ֆինանսական հոսքերում կա կոռուպցիա. «Իսկ ո՞վ է ասում, որ չկա»։
Նախարարի խոսքով՝ ԱԻՆ-ն ունի մեխանիզմներ և զբաղվում է նման խնդիրներով, և իրենց մեխանիզմների արդյունքում շատ շինթույլատվություններ մերժվել են, շատ տեխնիկական անվտանգության հետ կապված խնդիրներ դադարեցվել են։
Ըստ Դ.Տոնոյանի՝ նախարարության մեխանիզմները տարածվում են նաև մեծահարուստների վրա. «Աղետը մեծահարուստ կամ քիչ մեծահարուստ չի ճանաչում»: