Երկու տավիղ և վաղեմի երազանքը կատարված է. Չայկովսկու անվան դպրոցը համալրվեց նոր երաժշտական գործիքներով
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել է երկու տավիղներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը։
«Մեր վաղեմի երազանքներից էր դպրոցում ունենալ տավիղ։ Այդ երազանքը կատարվեց շնորհիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ով միշտ շատ ջերմ վերաբերմունք է ցուցաբերում մեր դպրոցի նկատմամբ և անտարբեր չէ ոլորտի խնդիրներին։ Նա իր համար որդեգրել է մշակույթի պահպանման և զարգացման քաղաքականություն։ Իր գործունեությամբ Ռիտա Սարգսյանը շատ մեծ քայլ է անում ոչ միայն դպրոցի, այլ նաև երաժշտական աշխարհի համար»,- ասաց Մարտուն Կոստանդյանը։
Նրա խոսքով՝ տավիղները շատ թանկ արժեն, բայց այս նվիրատվության շնորհիվ՝ ունենալով այդ գործիքին տիրապետող քիչ մասնագետ, դպրոցը հնարավորություն է ստանում շատ կարճ ժամանակահատվածում դառնալ տարածաշրջանում ամենալուրջ երկրներից մեկը, որը տավիղի մասնագիտական կայացած դասարան ունի։
«Դպրոցը տարիներ շարունակ ունեցել է տավիղ չունենալու խնդիր և այսօր այն արդեն լուծված է։ Ես համարում եմ մեզ բախտավոր երկիր, որ առաջին տիկինը տեղյակ է նմանատիպ հարցերից։ Մշակույթը պահպանելն ու զարգացնելը նմանատիպ հարցերին լուծում տալով է լինում։ Այս քայլն արվել է նրա կողմից, որպես մարդ, ով սիրում է մշակույթը, աջակցում ոլորտին։ Ես չեմ ուզում ժամկետներ ասել, բայց մեր կողմից առավելագույնս կարվի ամեն ինչ այդ կետին հասնելու համար։ Աշխարհում տավիղը շատ հարգի և ամենահին գործիքներից մեկն է, որը նվագախմբային, անսամբլային և մենակատար նվագարան է»,- շեշտեց դպրոցի տնօրենը։
Միառժամանակ հետո Չայկովսկու անվան դպրոցը նշելու է իր 80-ամյակը։ Կոստանդյանի հավաստմամբ՝ դպրոցի վերանորոգումն ու գործիքների համալրումը, որպես մասնագիտական դոմինանտ կրթօջախ, տվեց իր դրական պտուղները։
«Դպրոցում գործիքների համալրումը շատ լուրջ քայլ է և կարևոր է մեր երկրի համար։ Մեզ հաջողվեց շատ լուրջ քանակով համալրել մեր հիասքանչ լարային գործիքների թիվը։ Այսօր մենք հասել ենք այն մակարդակին, որ ունենք բավականին մեծ հնարավորություն՝ մոտ 1/5 մրցութային կարգով աշակերտներ ընդունելու դպրոց։ Սա այն դեպքերից է, երբ քանակը որակ է տալիս։ Ոգևորված աշխատանքային պրոցես է ընթանում՝ թե՛ երեխաների, թե՛ ողջ աշխատակազմի կողմից»,- ընդգծեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը։
Այս տարի դպրոցում ամբողջությամբ փոխվել են դաշնամուրները։ Նվիրատվությունը իրականացվել է ֆրանսահայ դաշնամուրի վարպետ Ժան Կլոդ Դումիկյանի կողմից, իսկ տեղափոխման ծախսը հոգացել է Հայաստան համահայկական հիմնադրամը։
«Այսպիսով տրվել է հնարավորություն, որպեսզի բոլոր մասնագիտական առարկաները՝ սոլֆեջիո, հարմոնիա, երաժշտական տեսություն, ընդհանուր դաշնամուր, մեր երեխաները սովորեն ավելի լավ պայմաններում։ Դպրոցում համալրված են նաև նվագախմբային բոլոր դասարանները՝ հոբոյի, ֆագոտի, տուբայի, կոնտրաբասի։ Եղել են դեպքեր, երբ այս գործիքների դասարաններում երեխաները շատ քիչ են եղել կամ ընդհանրապես չեն եղել։ Հիմա այդպես չէ»,- վստահեցրեց Մարտուն Կոստանդյանը։
Այս պահին Չայկովկսու անվան դպրոցում կան 2-9 հոգանոց դասարաններ, որտեղ դասավանդում են լավագույն մասնագետները։ Այս ամենը, տնօրենի խոսքով, հնարավորություն է տալիս ապացուցելու, որ դպրոցում գործիքների համալրումը շատ կարճ ժամանակահատվածում կտա իր պտուղները։
Դեկտեմբերին դպրոցը պլանավորել է շատ լավ ամանորյա համերգ, որտեղ կընդգրկվեն իրենց մի քանի կոլեկտիվներ՝ սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երգչախմբի հետ, իսկ ջազ բենդն առաջին անգամ՝ երգչախմբի։
«Շատ ուրախ եմ՝ տեսնելով մեր երեխաներին այսքան ոգևորված և դասերին ավելի սիրով մասնակցելիս։ Ունենալով տարբեր կոլեկտիվներ՝ կարծում եմ դրանք մեզ համար կարող են այցեքարտ լինել։ Ես համարում եմ, որ ուսումնական հաստատության համար այդ փաստը պարտադիր պայման է, քանի որ այդ երեխաների 90 տոկոսը հետագայում դառնում է նման կոլեկտիվների մի մաս։ Երեխաները դեռ փոքր տարիքից հնարավորություն և ունակություն են ունենում լսելու կողքինին, ինչպես նաև բազմաձայնությունը ճիշտ ընկալելու և ականջը զարգացնելու, և սա շատ կարևոր հանգամանք է»,- ասաց Մարտուն Կոստանդյանը։
Դեկտեմբերի համերգին պլանավորված է, որ երեխաները մեկ-երկու ելույթով հանդես կգան անսամբլի շրջանակում՝ տավիղը թավջութակով կամ տավիղը երգչախմբի համադրությամբ, նայած որ պիեսը կընտրվի։ Դպրոցի տնօրենը հույս ունի դեռ տասնյակ տարիներ օգտագործել այդ գործիքներն ու զարգացնել ոլորտը։
«Այն բացթողումը, որը մենք ունեինք՝ քիչ էր գործիքների քանակը, որակը լավը չէր, հարթված է. այսօր կարող ենք ունենալ իդեալական արդյունք»,-վստահեցրեց Կոստանդյանը:
Մշակութային կանգառ ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում և հոկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի Եկմալյանի անվան դպրոցում, դպրոցը համերգներ կունենա: Կլինեն նաև մի շարք համերգներ՝ բաժնի, հաշվետու, թեմատիկ. եզրափակիչ միջոցառումներից մեկը կլինի տավիղով համերգը։
Այս տարի դպրոցի 0 դասարանում սովորում է 80-ից ավելի երեխա։
«Մեր հաշվարկներով դպրոցը հաջորդ տարի դրսից ընդունելություն չի ունենալու, քանի որ այս տարի 80-ից ավելի երեխա սովորում է զրո դասարանում։ Այդ երեխաների հետ մեր մասնագետները կաշխատեն մեկ տարի, որից հետո լավագույնները կընդունվեն առաջին դասարան։ Մենք ունենք նաև մի մեծ բանակ, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել այստեղ կամ սկսեն հենց այստեղից»,- նշեց դպրոցի տնօրենը։
Հաստատությունը երեք տարի է, ինչ համագործակցում է Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի հետ, այս տարվանից շրջանակն ընդլայնվել է՝ գործունեություն է ծավալվում՝ Լիոնի, Ռոմանի և Ժնևի կոնսերվատորիաների հետ նույնպես։ Ռոմանի կոնսերվատորիայի շնորհիվ Չայկովսկու անվան դպրոցը փորձում է ձեռք բերել լուրջ գրականություն կապված տավիղի հետ։