Բաժիններ՝

Փրինսի չհրատարակված ստեղծագործությունները տեղափոխել են Կալիֆոռնիա. AP

Անցյալ տարի Մինեսոթայի նահանգում վախճանված Փրինսի չհրատարակված ստեղծագործությունների հեղինակային օրինակները հանել են նրա Paisley Park կալվածքի չհրկիզվող պահարանից եւ տեղափոխել Կալիֆոռնիայի նահանգ: Կատարողի ազգականներն ու ժառանգները իրազեկված չեն եղել այդ մասին: Այս մասին հայտնել է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երգչի խորթ քույրերին՝ Շերոնին եւ Նորինին:

Նրանք պահանջել են Փրինսի ստեղծագործական ժառանգության այդ արժեքավոր մասը վերադարձնել նրա կալվածք: «Մենք ցանկանում են, որ երաժշտական ստեղծագործությունների օրինակները վերադարձնեն Paisley Park, դրանք պետք է գտնվեն հենց այնտեղ»,-AP-ին հայտարարել է Շերոն Նելսոնը: «Ես այն զգացողությունն ունեմ, ասես Փրինսը երկրորդ անգամ մահացավ»,-հավելել է նա: Նորին Նելսոնը տեղի ունեցածը որակել Է «աննախադեպ եւ անազնիվ»: AP-ի տվյալներով՝ դատարանը երգչի ողջ շարժական եւ անշարժ ունեցվածքը գնահատել է շուրջ 200 մլն դոլար գումար: Կալվածքի չհրկիզվող պահարանում պահվող ձայնագրությունները համարվում են ժառանգության ամենաարժեքավոր բաղադրիչները:

Comerica Bank & Trust ընկերությունը տնօրինում է Փրինսի ունեցվածքը եւ գործակալությանը հաստատել է, որ ինքն է որոշում ընդունել հեղինակային օրինակները հանձնել Iron Mountain ֆիրմային, որն զբաղվում է հատկապես արժեքավոր իրերի պահպանմամբ:

Մայիսին Մինեսոտայի դատարանը հայտարարել է Փրինսի միակ ժառանգներին: Նրանք են՝ երգչի հարազատ քույրը՝ Թայքի Նելսոնը, ինչպես նաեւ նրա խորթ եղբայրներն ու քույրերը՝ Նորինը, Շերոնը, Ջոն Նելսոնը, Օմար Ջեքսոնը եւ Ալֆրեդ Բեյքերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս