«Քրեակատարողական հիմնարկներում չգրված, քրեական, հիերարխիկ կանոնների հարցերի մասին գրված չէ ռազմավարության ծրագրում». Արթուր Սաքունց
«Շատ անհրաժեշտ է քրեակատարողական համակարգում փոփոխություններ կատարելը, ու կարևորում եմ, որ նախարարությունն է ընդունում խնդիրների առկայությունը, որի համար առաջարկվել է այս ռազմավարությունը»,- այսօր «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա մտահոգություններ ունի՝ արդյո՞ք այս ռազմավարությունն իրապես կիրականացվի, և այն խնդիրները, որոնք ձևակերպված են, կկարողանան իրականություն դառնալ. «Հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ 2012-17 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը մենք չենք գնահատել: Ունենք մի այնպիսի պրակտիկա, որ կառավարության կողմից հաստատված ռազմավարությունների հաջորդ փուլին անցնում ենք՝ նախորդին գնահատական չտալով: Որպեսզի մենք կարողանանք հիմնավոր հաջորդ փուլ մտնենք, պետք է առաջին հերթին գնահատել նախորդի արդյունքները: Կարծում եմ՝ այս առումով, երբ մենք չունենք արդեն արվածի գնահատում, արդեն մտահոգում է, որ արդյոք նախորդը չի՞ կրկնվում սրա մեջ, կամ արդյոք հաշվի՞ են առնվում դասերը»:
Ա. Սաքունցը բավական հավակնոտ է համարում այս ծրագիրը, որովհետև, նրա խոսքով, բավական երկարաժամկետ է. «Սա 20 տարվա ժամկետով է, իսկ ինչքանո՞վ ենք երաշխավորված, որ այս ծրագրի շարունակականությունը կլինի, որովհետև, վերջ ի վերջո, կառավարման կազմ կարող է փոխվել: Երբ փոխվում են նախարարները, որոշակի ակցենտներ են փոխվում»:
Ըստ Ա. Սաքունցի՝ շատ կարևոր է, որ այս փաստաթղթի մեջ իրավիճակի վերլուծությունն ավելի հիմնավոր լիներ: Նրա խոսքով՝ կան ուղղություններ, որտեղ վերլուծությունը լավ է ներկայացված:
«Կան բավական փաստեր և տեղեկատվություն: Մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկների պետերի հայտարարագրերը հրապարակվեցին, ու բավական հետաքրքիր, ուշագրավ թվեր կային: Հայտարարագրերում նշված թվերի օրինականության խնդիրը դեռևս չի հանդիսանում որպես ուսումնասիրության հարց: Այսօրվա քրեակատարողական համակարգում գոյություն ունեցող խնդիրների, մասնավորապես, առողջապահական խնդիրների առումով ձեռնարկվելիք քայլերը գովելի են: Բայց կա մի բան, որի մասին լռում ենք. դրանք քրեակատարողական հիմնարկներում չգրված, քրեական, հիերարխիկ կանոնների հարցերն են: Սա, կարծում եմ, այն հիմնական ինստիտուտներից մեկն է, որը որոշիչ դեր է խաղում: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շենքը նոր է, բայց նորից սկսել է այն նույն վարքագիծը և բովանդակությունը գոյատևել: Ռազմավարության մեջ չենք տեսնում, թե ինչպես են լուծվելու այդ հարցերը»,- նշեց Ա. Սաքունցը: