Բերքը տուժել է. Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել: Ցրտահարությունից վնասներ է կրել Լճաշեն համայնքը: Այստեղ կարտոֆիլի բերքն է վնասվել: Լճաշենում դեռ կարտոֆիլի մասսայական բերքահավաքը չի սկսվել:

«Ջերմաստիճանն իջել է մինչև չորս աստիճան, կարտոֆիլը ցրտահարվել է: Ջուրը սառել էր, բնականաբար, այն բույսը, պալարը, որը հողի մակերևույթին ավելի մոտ է գտնվում, ցրտահարվել է: Տնամերձ հողամասերում մի քիչ մշակաբույսեր կան, դրանք էլ են տուժել»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը:

Լճաշենում այս տարի 100 հեկտար կարտոֆիլ են մշակել: Այստեղ ցրտահարությունից կրած վնասի չափը դեռ կեսօրից հետո կճշտեն, երբ ջերմաստիճանը բարձրանա: Կորյուն Մարգարյանն արդեն շրջել է դաշտերով: Իր աչքաչափով կարտոֆիլի բերքը 20-30 տոկոսով տուժել է:

Նա վաղ առավոտյան նաև հարևան համայնքների ղեկավարների հետ է կապ հաստատել՝ տարածաշրջանում ցրտահարություն է եղել: Գեղարքունիքի մարզում գյուղացին հասցրել է հողից հանել կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը։

Օրեր առաջ Գավառում ու հարակից շրջաններում տեղացած ձյունը նույնպես մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Խնձորը ցրտահարվել է՝ ձյան ծանրությունից էլ մեծ թվով պտղատու ծառեր ջարդվել:

Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել: Այստեղ նախ գարունն ուշացավ, հետո երկարատև երաշտ էր: Անբարենպաստ եղանակի պատճառով էլ այստեղ գրեթե աշնանացան չեն կատարել, իսկ հիմա էլ ձյունն ու ցուրտը գյուղացուն դժվարին կացության մեջ դրեցին: Տեղում հանձնաժողովներ են կազմվել՝ բնական աղետի հասցրած վնասները ճշտելու նպատակով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս