7 կարևոր քայլ կոռուպցիայի դեմ. ինչպես կգնահատեն միջազգային կազմակերպությունները
Այս տարի կոռուպցիայի դեմ պայքարում 7 կարևոր քայլ է կատարվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ թվելով ապօրինի հարստացման քրեականացումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանխիկ գործարքների սահմանափակումը, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնումը, «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը։
Հարցին, թե որքանով են նվազել ռիսկերը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե թվում է, որ ես կարող եմ թվային գնահատական տալ, ապա ոչ։ Այնումենայնիվ շատ գործիքներ հենց սկսում են աշխատել, անմիջապես չեն տալիս իրենց արդյունքը, բայց տարիների ընթացքում ակնհայտ է դառնում՝ դրանք արդյունավե՞տ են, թե՞ ոչ»։
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ էր տվել հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ նշելով, որ 2018թ. ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Հարցին՝ արդյոք դրական կգնահատե՞ն մեկ տարվա աշխատանքը՝ հաշվի առնելով, որ քննադատություններ են եղել ԱՄՆ, ԵՄ դեսպանի կողմից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մենք ունեն հանձնարարականներ, որոնք պետք է կատարենք, որոնք բխում են միջազգային փաստաթղթերից, և այդ հանձնարարականները քայլ առ քայլ կատարում ենք։ Իսկ ինչպես կգնահատեն… տեսնենք՝ ինչպես կգնահատեն»։