Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին, և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018թ. ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից; Մասնավորապես գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի՝ կոռուպցիայի դեմ  կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները:

Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն, հանձնարարում եմ. առաջինը՝ արդարադատության նախարարին՝ ամփոփել և ինձ ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:

Երկրորդ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմիններին հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ, գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն  և պարբերաբար զեկուցել ինձ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս