«Այդ հարցերի չընդունման դեպքում անձամբ ես դեմ կքվեարկեմ այս օրենքին». Գևորգ Կոստանյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Դատախազության մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ այս օրենքի նախագիծը շատ բուռն քննարկվեց Պետաիրավական հանձնաժողովում:
«Դատախազության մասին օրենքի հիմնական դերը Դատախազության ներքին գործունեության այնպիսի մեխանիզմների ստեղծումն է, որը կապահովի Դատախազության ֆունկցիաների կազմակերպման արդյունավետությունը: Դատախազության օրենքի կարևորությունը կադրային քաղաքականության ձևավորման սկզբունքների և եղանակների սահմանման մեջ է, որովհետև, եթե կադրային քաղաքականությունը թափանցիկ և հրապարակային իրականացվի, հանրային վստահությունը Դատախազության նկատմամբ ավելի բարձր կլինի:
Այս օրենքով փորձ է արվում իրականացնել այդ կարգավորումները: Բազմաթիվ խնդիրներ կար այս օրենքի նախագծում, մենք Պետաիրավական հանձնաժողովում բուռն քննարկում ունեցանք, որի արդյունքում բավականին մեծ շտկումներ եղան: Անկեղծ ասեմ, մենք կառավարության հետ ունենք պայմանավորվածություններ մի քանի հարցերի շուրջ, ու այդ հարցերը պետք է շտկվեն 1-2-րդ ընթերցման ընթացքում, քանի որ դրանք սկզբունքային հարցեր են, որոնց չընդունման դեպքում անձամբ ես դեմ կքվեարկեմ այս օրենքին»,- հայտարարեց Գ. Կոստանյանը: