ՀՀ ԱԱԾ-ում վերջին հրաժեշտը տվեցին Գորիկ Հակոբյանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանին: ԱԱԾ նախկին պետին հրաժեշտ տալու էին եկել նրա ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ:
ԱԱԾ արտաքին հետախուզության նախկին պետ, ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանն ավելի քան 50 տարի աշխատել է համակարգում: Նա նշեց, որ երկար տարիներ ճանաչելով Գորիկ Հակոբյանին՝ կարող է ասել, որ ԱԱԾ նախկին պետը եղել է իսկական պրոֆեսիոնալ:
«Երբ Գորիկ Հակոբյանն առաջին անգամ ընդունվեց համակարգ, ես արդեն 20 տարի ծառայում էի այնտեղ: Մենք երկուսս էլ Գյումրիից ենք, եւ ինձ համար սա շատ ծանր կորուստ է: Նա մոտ 20 տարի ղեկավարում էր այս համակարգը, եւ կարող եմ ասել, որ անթերի էր ղեկավարում, ԱԱԾ պրոֆեսիոնալ աշխատակից էր, բարի ու ազնիվ: Մեծ պատիվ ուներ ոչ միայն մեզ մոտ՝ Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս:
Նա աշխատել է մի ամբողջ սերնդի հետ, դաստիարակել նրանց այդ ոգով: Այսօր մեծ, լեգենդար անձնավորություն կորցրինք: Ղեկավարել այդպիսի մի համակարգ այդքան տարիներ եւ բարձր մակարդակով, քիչ է պատահում: Նա ամեն ինչ գիտեր, ամեն ինչ հասկանում էր սկզբից մինչեւ վերջ»,-ասաց Պետրոս Պետրոսյանը:
Ծանր հիվանդությունից հետո 2017 թվականի սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: Գորիկ Հակոբյանի հուղարկավորության արարողությունը կայացավ հոկտեմբերի 3-ին:
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի